Էջ:Muratsan, vol. 2.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


համար հասցրեց, թե չէ ես ոտքեր չունեի Մոսկովսկայա Բալկան հասնելու,— սկսավ մտերմաբար խոսել Բաբոն կառապանի հետ։

— Էդ Լավ, բիձա գնանք, բայց դու էն ասա, թե ես ի՞նչ էի շինում այս փողոցում այսպիսի ժամանակ,— պատասխանեց կառապանը ձիաներին մտրակելով։

— Ես իսկույն կիմանամ, բարեկամ։ Ամենից առաջ ինձ ասա տեսնեմ, թե երեկ երեկոյան վերջին անգամ ո՞ւմ որտե՞ղ տարիր։

— Երեկ երեկոյա՞ն։

— Հա՛։

— Երեկ երեկոյան… սպասի՛ր, լավ չեմ հիշում… Բայց չէ, հիմա հիշում եմ. երկու լավ տղաների Վերայի բաղերից բերի Մթածմինդա. նրանք մի մանեթ բաշխեցին ինձ, հետո երեք աբասի էլ գինու փող։ Հետո… ո՞ւմ տարի, չգիտեմ, չէ՛, չէ, ոչ ոքին չտարի. ձիաները դրուստ քշեցի ես միկիտան Ծղալոբի մոտ։ Նա ութ բաժակ լավ կարմիր գինի խմացրեց ինձ, ու ինձանից երկու աբասի առավ, թե վեց շահի, չգիտեմ, հետո…

— Էլ ի՞նչ հետո, հիմար, գինին վերջացնելուց հետո դու էլ մտած կլինեիր կառքը ու մրափած։

— Վա, ձիաները սաղ գիշեր ո՞նց կմնային դրսում։

— Տո, ձիաները լեզո՞ւ ունին, որ քեզանից զանգատվին։

— Այ մարդ, չլինի թե քո ասած լինի, ու ես սաղ գիշեր դրսում պահած լինիմ խեղճերին։

— Դեռ նո՞ր գիտես, որ իմ ասածն է։

— Էդպես որ լինի, իմ կնիկը խո ինձ տուն չի թողնիլ։

— Ի՞նչ կա որ, մյուս գիշեր էլի ութ բաժակ կկոնծես ու էլի փողոցում կքնես։

Մինչդեռ կառապանն ու Բաբոն այս զրուցատրությամբ զբաղված մտնում էին Մոսկովսկայա Բալկան, Ամալիան փաթաթված յուր շղարշի մեջ և կծկված կառքի մի անկյունում ուշադրությամբ դիտում էր իրեն անծանոթ այս նեղ ու մենավոր փողոցները, որոնց մեջ գրեթե անցորդներ չկային։

Միայն այս ու այն պատուհանից կախվում էին կասկածավոր