Էջ:Muratsan, vol. 2.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Օհ, անզգամություն, ո՛րքան զզվելի ես դու… Բայց դուք, պարոն, գոնե հիշո՞ւմ եք, որ մի օր իմ առաջ ծունկ չոքած բոցավառ խոսքերով խոստովանում էիք, որ ինձ սիրում ու պաշտում եք։

— Հիշում եմ. բայց ես սուտ չէի խոսում, ես այն ժամանակ արդարև ձեզ սիրում ու պաշտում էի։

— Եվ դուք խոստանում էիք հավիտյան սիրել…

— Եվ ես չէի խաբում, ես հավիտյան սիրում եմ։

— Դուք հավիտյան սիրո՞ւմ եք… о՜հ, գոնե լռեցեք, լռեցեք, որ հավատամ թե արդարև մի վայրկյան ամաչում եք դուք ձեր անազնվությունից, ձեր ստորությունից և վերջապես ձեր անպատկառ ստախոսությունից…

— Օրիորդ, դուք ինձ զրպարտում եք։

— Հրե՛շ, ուրեմն չեք ստախոսում, երբ ասում եք, թե հավիտյան սիրում եք ինձ, մինչդեռ այս րոպեին, այս միևնույն տան մեջ սիրուհիներ եք պահում։

— Դուք հաստատում եք իմ խոսքը, ես չասացի թե հավիտյան սիրում եմ ձեզ, այլ թե հավիտյան սիրում եմ, այդ կնշանակե, որ այսօր իմ սերը ձեզ եմ նվիրում, իսկ վաղը մի ուրիշին, այսուամենայնիվ միշտ և ամեն օր սիրում եմ. և ահա՛ հենց այդ փոփոխության մեջ էլ կայանում է սիրո հավիտենականությունը,— ցինիկական ժպիտով նկատեց Պլատոնը։

— Պարոն, պարոն, անամոթությունը միայն ձեր պատկերով կարող է շրջել մարդիկների մեջ…— վրդովված բացականչեց Ամալիան։— Եթե դուք այդ կարծիք ունեիք սիրո հավիտենականության վերա, ինչու՞ համար մոտեցաք ինձ, ինչու՞ ինձ սեր խոստացաք, ինչու՞ ինձ հետ ամուսնանալու երդում արիք և իմ միակ հարստությունը՝ իմ պատիվը խլելով, տմարդությամբ ինձ անպատվության ճանապարհի վերա թողիք… ինչ չարիք էի ես ձեզ հասցրել, ե՛ս մի թույլ, մի թշվառ աղջիկ, չէ՞ որ իմ միակ հանցանքը ձեզ հավատալը և սիրելն էր…

— Օրիո՛րդ, հավատացեք, որ ինձ համար շատ ծանր է տեսնել ձեզ այդ աստիճան վրդովված. ես ինքս խոստովանում եմ, որ ձեր վիճակը նախանձելի չէ. ճշմարիտ է, որ դուք