Էջ:Muratsan, vol. 3.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մոմճյանն սկսեց մի փոքր մտածել և ապա վճռական կերպով ասաց.

— Վնաս չունի, ես մի տղա կտամ, որ կօգնե քեզ։

— Վա՛յ յիս քու հոգուն մեռնիմ, աղա ջան, ի՜նչ դարդիմանդն իս էլի. տրախտիրում թե չէինք ըլի, էդ սիրուն ճակատիդ մե պաչ կոնեի։

— Չէ, ախպեր, ջեր պաչի վուխտը չէ,— խոսեց չաչանակ Սերգոն—իփոր, իրիցփուխ կու շինինք քիզ, էն չափը դուն Օրթաճալում ան Վերի բաղերում մե լավ ճաշ կու սարքիս, դուդուկով, ճիանուրով մե լավ լոքո ու արտալա կուտեցնիս. խորոված սուկին էլ վրեն. իմ մամիդ տղա Յականն էլ, խոմ գիդիս, լավ կարմիր գինի ունե. իստակ Կախեթու. խիստ հինն է. ավտաս իրիք տարվա ըլի. մի պստի կանաչ բոչկումն է, պադվլի թախչումը դրած. կուլի վուր տեսած ըլիս, ա՛յ նրանեմեն էլ մե հինգ-վեց թունգի կուտանինք, էն չախը պաչն էլ կուլի, սազ ու բաղն էլ։

— Հա ախպեր, դուք ինձ իրիցփուխ շինեցեք, իրիք թումնանոց ճաշն ինձ վրա։

Բոլոր այս խոսակցության ժամանակ Մոմճյանն անհանգիստ դրության մեջ էր. անծանոթ երիտասարդի անձնավորությունը նրան խիստ հետաքրքրում էր. երբեմն-երբեմն քննական հայացք էր գցում նրա վրա՝ իմանալու համար թե արդյոք որևէ մի տեղ տեսած չէ՞ր նրան: Վերջապես նա բավական համարեց գդակագործի ապագա երեցփուխության խնդրով զբաղվելը և հարցրեց Չաչանակին։

— Ո՞վ էր այդ երիտասարդը, Սերգո, որի հետ խոսում էիր

— Ուրիշ օլքցի է նուր է էկի։

— Որտեղացի՞։

Սերգոն տվավ Սարյանի ծննդավայր քաղաքի անունը։

— Անունն ի՞նչ է։

— Չեմ գիդի, մտես ննգավ թե հարցրել էի։

— Ի՞նչ էր խոսում քեզ հետ։

— Վունչինչ. յիս տեսա վուր ղարիբ օքմին է, գնացի հիդը ծանոթվեցա. ով որ վուր է, երևում է վուր լավ տղա է:

— Վաղո՞ւց է այստեղ է։