Էջ:Muratsan, vol. 3.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խնդիրներով, և սկսում էր յուր կարծիքը փոխել թեյարանի հաճախորդների մասին։ Իսկ Մոմճյանի այդ թեյարանում երևալը, նրա այդ սինքլոր հաճախորդների հետ սիրով ու քաղաքավարությամբ բարևելը և, վերջապես, Չաչանակի և գդակագործի հետ նստելն ու նրանց հետ սիրով և մտերմությամբ խոսակցելը նրան հիացրել էր։

«Ուրեմն ես չէի սխալվում, երբ ասում էի թե՝ Թիֆլիսում մարդիկ ավելի լուսամիտ և ավելի ազնվասիրտ են, քան իմ հայրենի քաղաքում, ապացույցներն արդեն տեսնում եմ, և, անկասկած, քանի ավելի բարձր շրջանները մտնեմ, այնքան ավելի պիտի հաստատվեմ թիֆլիսցիների մասին ունեցածս իմ կարծիքների և համոզմունքների մեջ...»: Այսպես մտածելով երիտասարդ Սարյանը պատրաստվում էր արդեն հեռանալ թեյարանից, երբ Չաչանակը մոտեցավ նրան։

— Աբա, արի ծանոթացնիմ քիզ միր Մոմճյանի հիդ:

— Ուրախությամբ,— ասաց երիտասարդը և հետևեց նրան։

— Պարոն Մոմճյան, կու խնդրիմ, վուր էս լավ տղի հիդ ծանոթվիք. ինքը անումով ձեզ ճանչնում է,— առաջարկեց Չաչանակը։

— Հակոբ Մոմճյան։ Շատ ուրախ եմ ծանոթանալ ձեզ հետ։

— Վահան Սարյան. շատ հաճելի է ինձ ձեր ծանոթությունը։

Երիտասարդները փոխանակեցին միմյանց հետ այս խոսքերը և նստեցին։

— Անշուշտ առևտրական գործով եք եկել մեր քաղաքը,— առաջինը խոսեց Մոմճյանը, հավատացած լինելով, որ միայն առևտրական գավառցին կարող է այս թեյարանը մտնել աժան թեյ խմելու համար։

— Ոչ. ես առևտրական չեմ և, երևի, երբեք էլ չեմ լինիլ,— ժպտալով պատասխանեց Սարյանը։

— Լավ էլ կանեք. երիտասարդ մարդին ամենից ավելի քիչ պետք է գրավե այդ կոչումը:

— Մանավանդ հայ երիտասարդին։