Էջ:Muratsan, vol. 3.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործակատարից սկսած մինչև հայոց գիտուն քահանաներն ու խմբագիրները՝ բոլորն էլ նրան ճանաչում են և բոլորի մոտ նրա խոսքը գին ու կշիռ ունի. (այս վերջին վկայությունը, իհարկե, ինքն է յուր մասին տալիս, իսկ մենք ճշմարտությունից հեռու չենք գտնում)։

Ինչ օրիորդ Շուշանին է վերաբերում, նա էլ լավ աղջիկ է։ ճշմարիտ է, շատ գեղեցիկ չէ. հասակը մոր նման բարձր և քայլվածքն ավելի քան կոպիտ է. բայց սիրուն աչքեր ունի, որոնց հովանավորում են բարակ ու թավամազ հոնքեր. հարուստ ու ալեծածան մազերը զարդարում են ճակատը։ Բերանը փոքր ինչ լայն է, շրթունքները բարակ, որոնք երբեմն խիստ գեղեցիկ ժպտում են։ Ձեռքերը միայն գեղեցիկ չեն, որովհետև շատ գործ շինելուց կոպտացել են։ Բնավորությամբ մոր հակապատկերն է ներկայացնում։ Խիստ համեստ է, ամաչկոտ և լռակաց, որի պատճառով ասում են թե նա ճիշտ յուր տկար հորն է նմանում, որ հին վարժապետներից մեկն է։ Ճշմարիտ է, մորը հնազանդ է։ Երբ հյուրեր են գալիս իրենց մոտ, մինչև անգամ այնպիսի շատախոս և պրտկերես երիտասարդներ, որոնք պատշաճից ամեն կարգ ու կանոն մի կողմ թողած բարձրաձայն խոսում, գոռում-գոչում են երբեմն էլ երգում կամ պարում են, նա դրանց էլ ընդունում է պատվով ինչպես հյուրերի. դրանց համար էլ հոժարակամ թեյ կամ սուրճ է բերում, բայց յուր սրտի խորքում ատելով ատում է այդպիսիներին և զայրանում յուր մոր դեմ, որ այդ տեսակ բարեկամներով շրջապատել է իրեն: Այդ առթիվ նա շատ անգամ էլ նկատողություններ է անում մորը, բայց վերջինս ավելորդ է համարում աղջկա խելքով շարժվել։

Սարյանի և Մոմճյանի ծանոթությունից մի օր հետո, տիկ. Մարթայի տանը մի ժողով կար։ Դա ոչ թե հասարակ, այլ խմբագրական ժողով էր։

Ընթերցողներս գուցե հետաքրքրվեցան իմանալու, թև այդ ո՞ր տարօրինակ խմբագիրն էր, որ յուր խմբագրական ժողովը փոխանակ սեփհական խմբագրության մեջ՝ տիկին Մարթայի տանն էր անում:

Հարկավոր եմ համարում հայտնել, որ պ. խմբագիրը