Էջ:Muratsan, vol. 3.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդհատեց Մոմճյանը խմբագրին՝ վախենալով թե գուցե նա նորեն մի անհեթեթ, խոսք ասե։ Եվ որպեսզի զբաղեցնե ժողովականներին, նա դարձյալ յուր առաջարկած խնդիրն առաջ բերավ։

— Իմ առաջարկության վերաբերմամբ, պարոններ, դուք ձեր կարծիքը չհայտնեցիք, — ասաց նա։

— Մովսիսյանը, ինչպես տեսաք հակառակ կարծիք հայտնեց, իսկ դո՞ւք ինչ եք ասում։

— Ո՞ր առաջարկության վերաբերմամբ, — հարցրեց երիտասարդներից մինը։

— Ա՛յն, որ ասացի թե՝ հզոր կուսակցություն ստեղծելու համար ամբոխին պիտի դիմենք:

— Ա՛յո, հիշում եմ. բայց առաջ ասացեք թե մեր ինչի՞ն է պետք հզոր կուսակցությունը:

— Ո՛չ, առաջ բացատրեցեք թե ի՞նչ բան է հզոր կուսակցությունը, — ընդհատեց փոքրադեմ օրիորդը։

— Հզոր կուսակցություն, հարգելի օրիորդ, կնշանակե ունենալ քաղաքի մեջ հավատարիմ բարեկամների այնպիսի մի բազմություն, որը քեզ հետ համամիտ և համակարծիք լինի ամեն դեպքում։ Այսինքն եթե դու ասես, որ մածունը սև է, նա էլ քեզ հետ միասին գոչե թե՝ այո՛, սև է. եթե ասես, որ մուրը սպիտակ է, նա էլ վկայե թե՝ այո՛, սպիտակ է։ Իսկ թե մեր ինչի՞ն է պետք այդ տեսակ կուսակցությունը, բացատրեմ, երևակայեցեք, որ դուք, պարոն ուսանող, ավարտել եք ձեր ուսումը և իբրև բժիշկ վերադարձել եք այստեղ։ Դուք նոր եք. ծանոթ ու բարեկամ չունիք, բայց դուք պատկանում եք մեր կուսակցությանը։ Եվ ահա՛ մենք մեր բոլոր բարեկամներին առաջարկում ենք, որ հարկավոր դեպքում ձեզ դիմեն իբրև բժշկի և ոչ թե մի ուրիշին, և նրանք այո առաջարկությունը հարգում են։ Ահա՛ ձեզ կուսակցություն ունենալու օգուտը։ Այժմ ուրիշ օրինակ։ Ենթադրենք, որ դուք, հարգելի օրիորդ, ավարտել եք գիմնազիոնը և կամենում եք հայոց այս ինչ դպրոցում պաշտոն ունենալ։ Բայց այդ դպրոցի հոգաբարձուները ձեզ բարեկամ չլինելով, շեն էլ ընդունում ձեզ։ Եվ ահա՛ նրանց պաշտոնավարության ժամանակը լրանում է և նոր ընտրություններ