Էջ:Muratsan, vol. 3.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պիտի կատարվին։ Իսկույն մեր կուսակցությունը խռնվում է եկեղեցին, ձեռք առնում ընտրությունը և հոգաբարձուներ է ընտրում այնպիսի մարդկանց, որոնք թե՛ ձեզ են պաշտոն տալիս և թե ձեր բարեկամին, որովհետև դուք էլ, բարեկամն էլ մեր կուսակցությանն ենք պատկանում։ Ահա ձեզ մի ուրիշ օգուտ։

Դարձյալ մի օրինակ։ Ձեզ հայտնի է, որ մենք ընկերություններ ունինք, որոնք հազարներ են ստանում ու բաժանում։ Ո՞ւմ ձեռքով են անցնում այդ փողերը. իհարկե վարչությունների, բայց որո՛նց և ի՞նչ գործերի համար են վճարում այդ փողերը, մեզ հայտնի չէ։ Իսկ եթե վարչություններ ընտրելու ժամանակ մեր հզոր կուսակցությունը մտնե ընդհանուր ժողովի դահլիճը և ձայների մեծամասնությամբ ընտրե վարչության անդամ ա՛յն մարդկանց, որոնց մենք են կամենում, հարկավ, մի գեղեցիկ օր այդ ընկերություններն իրենց դրամագլուխներով ու եկամուտներով մեր ձեռքում կլինին և մենք այդ եկամուտները կծախսենք այնպես, ինչպես որ արժանավոր կդատենք... Ահա ձեզ մի երրորդ օգուտ։ Այսպես ես կարող էի դեռ ուրիշ շատ փաստեր առաջ բերել, բայց հիշածներս արդեն բավական են իմ առաջարկության օրինավորությունը հաստատելու համար։

— Հիանալի միտք, հրաշալի միտք, — բացականչեց խմբագիրը և ձեռքերը բարձրացնելով կամենում էր ծափահարել, բայց Մոմճյանը խանգարեց նրան։

— Թույլ տվեք, որ մյուս ժողովականներն էլ իրենց կարծիքը հայտնեն, գուցե նրանք իմ հայտնած մտքի հետ համաձայն չեն։

— Համաձայն ենք, համաձայն ենք. — գոչեցին ժողովականները գրեթե միաբերան։

— Եթե համաձայն եք, ուրեմն մեզ մնում է խմբագրել մի հրահանգ, որով ամեն մեկս պիտի առաջնորդվենք ամբոխի մեջ գործելու համար։

— Այո՛, այո՛, այդպիսի հրահանգ պետք է խմբագրեր: Ահա՛ թուղթ, ահա գրիչ. բայց կամենում եք մատիտո՞վ գրել, — հարցրեց խմբագիրը Մոմճյանին: