Էջ:Muratsan, vol. 3.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Ոչ. այդ հրահանգը ես առանձին տանը կպատրաստեմ և կառաջարկեմ առաջիկա խմբագրական ժողովի քննության։

— Այո՛, այո՛, այդպես ավելի լավ է. այնպես չէ՞, պարոններ, — հարցրեց խմբագիրը։

— Այո՛, այդ հարցիդ հրահանգը պ. Մոմճյանը կարող է առանձին պատրաստել, իսկ մենք ապագա ժողովում կքննենք նրան, — հայտնեց յուր համաձայնությունը փոքրադեմ օրիորդը և ժողովականները միացան նրա հետ։

Որովհետև էլ ուրիշ առաջարկություն անող չեղավ, ուստի ժողովականները մի փոքր էլ տիկ. Մարթայի կատակները լսեցին և ապա ցրվեցան։

Երբ Շաշյանն ու Մոմճյանը միայնակ մնացին, վերջինս ծանր նկատողություններ արավ Շաշյանին նրա անտեղի միջամտությունների համար։

— Ձեզ հազար անգամ ասել եմ, որ այս հիմարների մոտ ոչինչ չխոսաք, կարծիքներ չհայտնեք և մանավանդ իմ ասածներին չհակառակեք:

Դուք, ընդհակառակը, ամեն հարցերի մեջ մտնում, ամեն խնդիրներում խառնվում եք։ Այդ դեռ բավական չէ, դուք ինձ հակառակում եք այս հիմարների մոտ և նրանց էլ առիթ տալիս իրենց չվերաբերյալ հարցերին խառնվելու: Մի՞թե չգիտեք, որ դրանք միայն մի պարտավորություն ունին այստեղ կատարելու, այն է՝ լսել ինձ և շարունակել լսել:

— Իսկ եթե կամենան որևէ կարծի՞ք հայտնել։

— Դրան էլ ես կպատասխանեմ, դուք խառնվելու գործ չունիք։

— Է՛հ, լավ, մի՛ նեղանաք, եթե սխալ բան էլ խոսած լինիմ, նրանք չէին հասկանալ։ Այսուհետև կաշխատեմ զգույշ լինել։ Դուք այս ասացեք, թե ի՞նչ պիտի անենք, եթե Մովսիսյանն այսօրվա դեպքից հետո թողնե մեր խմբագրությունը։ Արդյոք չպե՞տք է աշխատեմ հաշտեցնել նրան։

— Բնավ։ Մովսիսյանի նման հակառակասեր մարդը մեզ հարկավոր չէ. ես նրանից ավելի հմուտ մարդ ունիմ