Էջ:Muratsan, vol. 3.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ուսանողի հետ: Մի երեկո անսովոր տխրությունս ցրելու համար նա առաջարկեց ինձ գնալ յուր հետ մի երեկույթ, ուր հրավիրված էր ինքը։

Հակառակ սովորությանս ես ընդդիմացա՝ առարկելով որ հրավիրված չեմ: Բայց ընկերս հավատացրեց, որ դա այնպիսի երեկույթ է, որին ամեն ցանկացող երիտասարդ կամ օրիորդ կարող է մասնակցել: Այն ժամանակ, իհարկե, համաձայնվեցա: Ընկերս աոաջնորդեց ինձ այս տունը, ուր այժմ բնակվում եմ։ Այստեղ ծանոթացա մի քանի ազնիվ օրիորդների և երիտասարդների հետ, ի միջի այլոց և պ. Մոմճյանի հետ։ Երեկույթը, որ գրական հանդեսով սկսվեց և պարերով վերջացավ, խիսա հաճելի տպավորություն արավ ինձ վրա։ Այնպես որ, այդ տպավորության ներքո մի րոպե ինքս ինձ մոռանալով, բարձրաձայն հայտարարեցի թե՝ այսուհետև այս ընկերության անբաժան անդամը պիտի լինիմ։ Այս հայտարարությունն իբր կատակ ընդունեցին հյուրերը և շատ ծիծաղեցին։ Բայց իմ բացականչությունն առանձնապես դուր եկավ պ. Մոմճյանին, որը, հենց այդ րոպեից սկսած, չգիտեմ ինչ գրավիչ բան գտնելով իմ մեջ, զարմանալի բարեկամությամբ հետս կապվեցավ։ Այնուհետև գրեթե միշտ հրավիրվում էի պ. Մոմճյանի ձեռներեցությամբ այս տան մեջ կազմվող երեկույթներին և գրական հանդեսներին։ Մի օր էլ հրավիրվեցա մի ժողովի, ուր պ. Մոմճյանի նախագահությամբ բազմաթիվ օրիորդներ ու երիտասարդներ խորհրդակցում էին մի նոր հայերեն թերթ հրատարակելու համար: Այդ թերթը չի պիտի նմաներ մինչև այժմ մեր մեջ գոյություն ունեցող թերթերին։ Նա պիտի ձգտեր ժողովրդի մեջ որոշ և բարձր գաղափարներ տարածելու. գաղափարներ, որոնք մինչև այն անծանոթ էին այդ ժողովրդին, բայց որոնք նոր թերթի շնորհիվ ըմբռնելի պիտի դառնային նույնիսկ մանկահասակ երեխաներին: Այս առթիվ խոսում էր պ. Մոմճյանը. նրա արտասանած ճառն ու բերած փաստերն այն աստիճան համոզող և գրավիչ էին, որ ժողովականներս հաստատապես որոշեցինք սկսել այդ անհրաժեշտ թերթի հրատարակությունը: Ամեն ինչ պատրաստ էր: Այսինքն աշխատակիցներ կային, համակրողներ