Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հավատալի բան էլ չկար։ «Փնջիկ»֊ի վրա արդեն տպագրված էր Շաշյանի անունը և այդ փաստն ամեն տարակույս փարատում էր։ Բայց որ Մոմճյանը և նրա ընկերներն իրենց մեջ խմբագիր լինելու արժանավոր մարդ չգտնելով այդ պաշտոնը Շաշյանին էին հատկացրել, դա շատ խորհրդավոր երևույթ էր, որի էության բացատրությունն անհանգստացնելու չափ հետաքրքրում էր Սարյանին։

Այս միջոցին ներս մտավ Մոմճյանը և Սարյանին տեսնելով շատ ուրախացավ։ Դրա պատճառն այն էր, որ խմբագրության միակ հայագետ աշխատակցին վիրավորած և հեռացրած լինելով՝ նա թերթի գործը դժվար դրության մեջ էր դրել: Այժմ Սարյանը կարող էր Մովսիսյանի տեղը բռնել (որովհետև Մոմճյանը թեյարանում արդեն յուր զգայուն հոտառությամբ այդ երիտասարդի ինչ բանի պիտանի լինելն իմացած էր), և գուցե նա Մովսիսյանից մի քանի աստիճան էլ ավելի հմուտ կերպով կտաներ գործը։

— Բարով, բարեկամ, մենք ձեզ երեկ էինք սպասում,— ողջունելով երիտասարդին, ասաց Մոմճյանը:

— Ուշանալու պատճառն իմ առաջնորդն էր. նա այսօր միայն եկավ ինձ բերելու։

— Այո՛, այո՛, հանցանքն իսկապես իմն է. մի փոքրիկ ընտրություն ունինք, որի առթիվ երեկ գործ էի հանձնել նրան կատարելու։

— Այսպես թե այնպես, այսօր բախտ ունիմ ներկա լինելու։

— Շնորհակալ եմ. վաղո՞ւց եք այստեղ։

— Կարծեմ երկու ժամ կլինի։

— Երկու ժա՞մ...— հարցրեց Մոմճյանը և սկսավ մտածել։ Նա երևակայեց թե այդ երկու ժամում որքա՜ն անպատեհ բաներ կլիներ խոսած Շաշյանը յուր այցելուի հետ և ո՞վ գիտե, գուցե հայտնած լիներ նրան այնպիսի նորություններ, որոնք այդ նորեկի համար գաղտնիք պիտի մնային։

— Այո՛, երկու ժամ։

— Ուրեմն դուք մեր խմբագրի հետ ծանոթացաք առանց իմ միջամտության,— ասաց Մոմճյանը ժպտալով։