Էջ:Muratsan, vol. 3.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այո՛, այո՛, առանց ձեր միջամտության,— հարեց խմբագիրը և ծիծաղեց։

— Ես վաղուց ծանոթ էի պարոն խմբագրի հետ, — նկատեց Սարյանը։

— Ինշպե՞ս, որտե՞ղ եք ծանոթացել: — Չէ՞ որ նա իմ հայրենակիցն է։

— Ա՜... բոլորովին մոռացել էի. և, իրավ, դուք հայրենակիցներ եք։ Զարմանալի է, ինչպես էի մոռացել։

Այս նորությունը կարծես Մոմճյանի սրտից մի ծանր բեռ վերցրեց։ Մինչև այդ րոպեն նա մտածում էր թե ինչ հնարներով պիտի ծածկե նորեկի աչքից յուր խմբագրի թերությունները. բայց այժմ արդեն որոշեց, որ ոչ միայն ավելորդ է Սարյանին իբր օտար ընդունել, այլև անհրաժեշտ է մտերմանալ նրա հետ և իրենց խմբագրության բոլոր հանգամանքներին իսկությամբ ծանոթացնելով նրան, առաջարկել գործել իրենց հետ իբրև աջակից բարեկամ։

— Ուրեմն դուք որ մեր խմբագրի հայրենակիցն եք, նրան էլ լավ ճանաչո՞ւմ եք,— խորհրդավոր եղանակով հարցրեց Մոմճյանը երիտասարդին։

— Ճանաչում եմ. շատ լավ եմ ճանաչում,— Մոմճյանի միտքը հասկանալով պատասխանեց Սարյանը և երկու երիտասարդների խորհրդավոր հայացքները միմյանց հանդիպելով՝ կարծես ամեն բան միմյանց պատմեցին և համաձայնվեց միևնույն կետի վրա։

— Այժմ դառնանք այն խնդրին, որ ձեզ համար թե՛ կարևոր և թե՛ առաջնական է: Որքան հիշում եմ, դուք ինձ հայտնեցիք, որ եկած եք Թիֆլիս ազգային-հասարակական գործերով զբաղվելու։ —

— Այո՛։

— Եվ ես խոստացա ցույց տալ ձեզ նպատակին հասնելու դյուրին ճանապարհը:

— Այո՛ այդ պատիվն արիք ինձ։

— Դուք չե՞ք սիրում արդյոք հրապարակախոսական ասպարեզը:

— Ոչ միայն սիրում եմ, այլև ինձ թվում է թե՝ այդ