Էջ:Muratsan, vol. 3.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ասպարեզի մեջ ես կարող եմ ավելի հաջողականությամբ գործել, քան թե ուրիշ ասպարեզներում։

— Եթե այդպես է, նվիրեցեք ձեզ լրագրական գործին։ Չկա ավելի հաճելի և մխիթարական քան այն, երբ մարդ կարողանում է լրագրական խոսքի միջոցով յուր ազատ մտքերն ու կարծիքները հաղորդել աշխարհին։ Չկա հաճելի քան այն, երբ հարուստն յուր ոսկիներով, իշխանն յուր հռչակով անզոր մի քանի տասնյակ մարդկանց իրենց ցանկացածն անել տալու, դու՝ աղքատ և անտոհմիկ, միայն քո գրչի ուժով ժողովուրդներ ես շարժում, հասարակության կարծիքն ու բախտն ես կառավարում։

— Ցույց տվեք ուրեմն, թե ի՞նչ ձևով նվիրեմ ինձ լրագրական գործին. ես պատրաստ եմ ամեն նեղություն ու աշխատանք հանձն առնելու:

— Եթե կամենում եք, մեզ մոտ ահա՛ գլխավոր աշխատակցի և քարտուղարի պաշտոնն ազատ է. ընդունեցեք այդ պաշտոնը և գործեցեք մեզ հետ միասին։

— Ուրախությամբ, բացատրեցեք միայն թե որո՞նք պիտի լինին իմ պարտավորությունները, որպեսզի անթերի կատարեմ նրանց։

— Գրեթե այն, ինչ որ մի ժամ առաջ կատարեցիք,— մեջ մտավ խմբագիրը։

— Ի՞նչ է կատարել,— հետաքրքրությամբ հարցրեց Մոմճյանը։

— Այսօր առավոտ մի թղթակցություն էի ստացել, որի մեջ հետաքրքիր նորություններ կային, բայց անգրագետ մարդու գրած էր, խնդրեցի Մովսիսյանին որ ուղղե...

- Ինչպե՞ս. խնդրեցիք Մովսիսյանի՞ն, ինչո՞ւ, չէ՞ որ ես ասացի, որ ոչ մի դեպքում չպետք է դիմեք նրան։

— Բայց միևնույն է. նա մերժեց և չկամեցավ ուղղել։ «Օհ, այս մարդը կատարյալ ապուշ է»— շշնջաց ինքն իրեն Մոմճյանը և ապա Շաշյանին դառնալով հարցրեց.— հետո ի՞նչ արիք։

— Տվի պ. Սարյանին և նա մի քանի րոպեում ուղղեց կարկատեց և անշնորհք թղթակցությունից մի գեղեցիկ հոդված պատրաստեց, որը և ուղարկեցի տպարան։