Էջ:Muratsan, vol. 3.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


և հավատացնում էիք՝ որ ամեն տեղ էլ կարապետությունը ճնշում է մարդկանց և նրանց առաջ գնալու ճանապարհները փակում, ես, այսուամենայնիվ, աշխատում էի հերքել այդ կարծիքների ճշմարտությունը և հավատում, որ լուսավորված երկրներում, մարդիկ այդ ձևով չեն մտածում և չեն կարող մտածել։ Եվ չսխալվեցա։ Թիֆլիս մտնելու երրորդ օրն արդեն իմ առաջ բացվեցավ գործելու ասպարեզ և ընդնմին առաջարկվեց ինձ արդյունավոր պաշտոն։ Իսկ դրա համար ես շատ չաշխատեցի. ինձ հարկավոր եղավ միայն հայտնել թե կամենում եմ գործել, թե կամենում եմ նվիրել ինձ ազգային ծառայության և ահա ազնիվ մարդիկ օգնեցին ինձ»։

Հոր նամակը յուր բոլոր մանրամասնություններով ավարտելուց ետ, երիտասարդը պատրաստվեց երկրորդ նամակը գրելու։

Բայց դրա համար նա երկար մտածեց։

Այդ նամակը նա կամենում էր գրել օրիորդ Աշխենին։ Բայց մի՞թե կարող էր. մի՞թե իրավունք ուներ։

Արդարև, թե՛ օրիորդին և թե՛ մորը նա միաժամանակ խոստացավ տեղեկություններ հաղորդել Թիֆլիսից: Բայց պատշաճյա օրենքը պահանջում էր, որ այդ տեղեկությունները նա տիկին Գոհարին հաղորդե։ Իսկ յուր նախկին աշակերտուհուն կարող էր միայն բարևել և այն՝ հարգանաց սառն խոսքերով։

Բայց մի՞թե կարելի էր գոհ լինել այդքանով. չէ՞ որ նա սիրում էր Աշխենին. չէ՞ որ գեղեցիկ աղջկա պատկերն ամեն րոպե հետևում էր իրեն։ Եվ այդքան օրվա անջատումից ետ, արդարև, քաղցր և հաճոյական էր գրել նրան մի նամակ՝ լցված գողտրիկ զգացումներով, համեմված սիրավառ խոսքերով... Եվ եթե նույնիսկ օրիորդը սպասում լիներ այդպիսի մի գրության, սպասում լիներ հեռացած ուսուցչի սիրո խոստովանության... և, դրա փոխարեն, ստանար հանկարծ սառն ու անկենդան զրույցների մի շարահյուսություն... Օ՜հ, չէ՞ որ սա կրկնակի զրկանք, կրկնակի դժվար պիտ լիներ յուր համար։