Էջ:Muratsan, vol. 3.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոսեցի տիկին Մարթայի հետ, թԵ՞ դուք,— երկար մտածելուց հետո հարցրեց Շաշյանին։

— ինչպես չէ, հիշում եմ. Մովսիսյանի մասին ես խոսեցի տիկնոջ հետ։

— Իսկ ի՞նչ, խոսածներիցդ չե՞ք հիշում։

— Հիշում եմ. ասացի, որ ուսումնական երիտասարդ է, հարուստ մարդու որդի է, ազնիվ սրտի ու մաքուր վարք ու բարքի տեր է, միով բանիվ ասացի այն բոլորը, ինչ որ դուք այն ժամանակ թելադրեցիք ինձ։

— Բայց չե՞ք Հիշում արդյոք, ձե՞ր կողմից հաղորդեցիք այդ տեղեկությունները, թե՞ ասացիք, որ ինձանից եք լսել։

— Հիշում եմ. ինչպե՞ս չեմ հիշում. այդ տեղեկություններն իմ կողմից հաղորդեցի, այդպես էլ դուք այն ժամանակ պատվիրեցիք ինձ։

«Ուրեմն դեռ ուշ չէ, սխալը կարելի է ուղղել»,— շշնջաց ինքն իրեն Մոմճյանը և դիմեց տիկին Մարթայի մոտ։

Տիկին Մարթան Մոմճյանի ամեն մի առաջարկությունը սիրով կատարում էր, որովհետև այդ անօգուտ չէր անցնում յուր համար։ Սակայն Մովսիսյանին հեռացնելու մասին արած առաջարկությունը դժղոհությամբ լսեց։ Պատճառն այն էր, որ նա կարծում էր թե՝ այդ առաջարկությունը կատարելով վնաս կստանա։ Իսկ այդ վնասը պիտի վերաբերեր ոչ թե նրա նյութականին, այլ այն ընտանեկան բախտին, որի վերաբերմամբ առհասարակ, զիջողություններ չեն անում։

— Ես մտածում էի հաշտեցնել ձեզ Մովսիսյանի հետ, իսկ դուք դեռ պահանջում եք, որ այստեղից էլ հեռացնեմ նրան,— հարցրեց նա Մոմճյանին։

— Ես այլևս չեմ կարող հաշտվել նրա հետ,— պատասխանեց վերջինս։

— Ինչո՞ւ։

— Որովհետև խիստ դյուրագրգիռ և հակառակասեր բնություն ունի, իսկ նրա այդ բնությունը վնաս է բերում մեր գործին։

— Այսքան ժամանակ աշխատում էիք միասին և, սակայն, ոչ մի անգամ դժգոհություն չհայտնեցիք։