Էջ:Muratsan, vol. 3.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա ուղղվեցան, կարծես էլ ուրիշ ոչ մեկին տեսնելու պայմանով։ Օրիորդը բաժանեց թեյը և հակառակ յուր դիտավորության, փոխանակ մյուս սենյակը վերադառնալու մնաց հյուրասենյակում և նստեց ուղիղ Սարյանի հանդեպ:

Տիկին Մարթան դիտում էր յուր դստեր շարունակ դեպի նորեկը ուղղվող հայացքները և զվարճանում, իսկ Մոմճյանը մոր և աղջկա դեպի յուր բարեկամն ունեցած այդ համակրությունը նկատելով, և այդ բանի մեջ յուր ծրագրի ապագա հաջողության գրավականը տեսնելով, ուրախանում և հրճվում էր:

Երբ հյուրասիրության վերաբերյալ ժամերը լրացան, տիկին Մարթան կամեցավ խոսք բանալ նորեկ երիտասարդին բնակարան տալու մասին՝ բայց որովհետև դեռ այդ առթիվ Շուշանի հետ չէր խոսել, ուստի կանչեց նրան մյուս սենյակը և նրա կամքը հարցրեց.

— Արա՛, ինչպես հարմար ես դատում,— ասաց նա,— այդ գործին ես խառնվել չեմ կարող:

— Բայց գործը իսկապես քեզ է վերաբերում նկատեց մայրը։

— Ինչպե՞ս թե ինձ է վերաբերում։

— Իհարկե, քեզ է վերաբերում: Ես հո սենյակը վարձով տալու մասին չեմ մտածում. թե խնդիրը միայն այդ լիներ, քեզ ի՞նչ ունեի հարցնելու, և մանավանդ թե՝ ի՞նչ հարկ կար Մովսիսյանին հեռացնելու, միևնույն վարձը, որ ուրիշը պիտի վճարե, նա արդեն վճարում է։ Բայց բանն այն է, որ մեր սենյակում ապրող երիտասարդներից մինը քո ապագա ամուսինը պիտի լինի, այժմ ասա, որի՞ն ես ընտրում՝ Մովսիսյանի՞ն, թե՞ այս նոր երիտասարդին։

— Ոչինչ չգիտեմ,— աչքերը գետին խոնարհելով շշնջաց Շուշանը։

— Ինչպե՞ս թե ոչինչ չգիտես, քսան տարեկան աղջիկ ես և ոչինչ չգիտես. խոսիր էլի։

— Ի՞նչ խոսեմ։

— Իմ թույլտվությամբ դու Մովսիսյանի հետ բավական մտերմացել ես այդ գիտեմ. որ սիրում է քեզ, այդ էլ գիտեմ։ Բայց խնդիրն այս է, որ նա դեմքով տգեղ, բնությամբ՝