Էջ:Muratsan, vol. 3.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հավաքելով ուրիշ թերթեր բաժանե և ստիպե ժողովականներին նորից անուններ գրել։

— Այն ժամանակ, ինչպես պատվիրել եք, ինքս կգրեմ նրանց համար:

— Իսկ եթե ստիպե յուր ներկայությամբ գրե՞լ։

— Այդ դեպքում արդեն մեր մարդիկը գիտեն, թե ինչ պիտի պատասխանեն։

— Ապրիք. ուրեմն ամեն բան կատարել եք այնպես, ինչպես պատվիրել եմ։

— Այո, ամեն բան։

Այս միջոցին ներս մտավ եկեղեցու բակը բարեկարգի քահանան կարմրած ու քրտնած երեսով և շտապ խոսելով ներողություն խնդրեց ժողովականներից, որ ակամա սպասեցնել է տվել իրենց։

— Հակառակի պես, այսօր ննջեցյալ ունեի, ստիպված էի ուշանալ,— ասաց նա ժողովականներին. — բայց վնաս չունի. շուտ կավարտենք։

— Հաջաթ չէ, տերտեր ջան, հաջաթ չէ, մինք յոլա կեհանք, դուն սաղ ըլիս, — ձայն տվին այս ու այն կողմից ժողովականները։

Բայց Մոմճյանը առաջ անցնելով լուրջ ու կտրուկ ձայնով նկատեց.

— Արժանապատիվ հայր, ձեր վարմունքը օրինավոր չէ. ժամը 11-ին նշանակել ենք ընտրությունը, այդ ժամին էլ պետք է ներկա լինեիք, ծխականների կամ ժամավորների ինչ պետքն է, թե դուք ննջեցյալ ունեիք։

Բարեկարգիչ հայրը հանկարծակի եկածի նման սկսեց նայել Մոմճյանին և չգիտեր ինչ պատասխանել։ Որովհետև յուր բոլոր պաշտոնավարության ժամանակ առաջին անգամս էր նա այսպիսի հարձակման ենթարկվում և այն խեղճ ու միամիտ ժողովրդի առաջ, որ յուր քահանայի վրա նայել էր միշտ հարգանքով և ակնածությամբ։

— Որդի, ննջեցյալին հո չէինք կարող եկեղեցում թողնել, պետք է տանեինք թաղելու, այդ պատ... — հազիվ բարեկարգիչը սկսեց արդարացնել իրեն և ահա Մոմճյանը ընդհատեց նրան։