Էջ:Muratsan, vol. 3.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կամ ինչների՞դ է պեաք քննել, թե ո՞վ ում է ուզում, ձայները հաշվեցեք, ով որ շատ ձայն կլինի ստացած, նա էլ երեցփոխ կլինի:

— Ձայները հաշվեցեք, ձայները հաշվեցեք,— բացականչեց երիտասարդ Վանոն և մի քանի ուրիշներն էլ հետևեցին իրեն:


— Մի գոռաք, մի գոչեք, ի սեր աստծո, թողեք գործը օրինավոր ճանապարհով ավարտենք,— խոսեց բարեկարգիչը,— այստեղ ես պարզ տեսնում եմ, որ ծխականներից և Ժամավորներից շատերը ուրիշների պատրաստած թղթերն են ներկայացնում և իրենք մեջը գրած մարդու անունն անգամ չգիտեն. սա ընտրություն չէ, այլ ճարպիկ մարդկանց հնարած ու սարքած մեքենայություն, թույլ տվեք, որ այս թաքուն գործերի հեղինակը մի գտնենք։

— Ձայները հաշվեցեք, տեր հայր, ձայները հաշվեցեք,— գոռացին դարձյալ այս ու այն կողմից:

Այս անգամ արդեն ճոն Մարտիրոսի համբերությունը հատավ. նա գլուխը տմբտմբացնելով առաջ անցավ և երկու ձեռքով յուր անբաժան մահակի վրա հենվելով խոսեց.

— Ախպրտի՛նք. մե նիմուտ ինձ լսեցեք, երկու խոսք ունիմ, ասիմ ձիզ ու գնամ:

֊ Յիս, կուլի վուր իմացած ըլիք, իրիք քսան ու տասնը օխտը տարեկան իմ։ Էս ղադա վուխտ էս էգեղեցու ծխական իմ. շատ ննդրություննիր ինք արի. շատ իրիցփոխնիր ինք ջոկի. ամա վունչ մե գամ էս թավուր բան յիս չիմ տեսի։ Սուտ ինչի՞ ասիմ, հոգի ունիմ տալու. միր մեջ էլ խոսք ու ջուղաբ էլիլ է. ասիլ ինք իրիցփուխը լավ մարթ է, ինչի մեկ էլ նուրը ճոկինք։ Ամա, իսկի չիմ իմացի, վուր մեկը սուտ թղթեր շինե, սուտ անումնիր գրե ու թաքուն բաժնե մարդկերանց, թե ի՞նչ է էս մարթը ննդրվի ան մեկելը։

Մինք էնենց ինք իմացի, թե իրիցփուխ ջոկելը մե սուրփ գործ է. ով ումին լավ մարդ է ճանաչում, նրա անումն էլ պիտի տա. ամա էսօր տեսնում իմ, վուր չէ. էս սուրփ գործի մեջ էլ ղալթաբանդութին իք մտցրի, աստծու տան մեջ էլ սուտեր իր մոգոնում. խափեփայութիննիր իք անում...