— Գիժ է, գիժ է, ի՞նչ ունիս նրա հիդ, դուն իրիցփուխի բանը քութահ արա,— խոսեցին ուրիշ մարդիկ:
—Դեհ, լավ, տեր-հայր, վերջացրեք, որ գիժ է՝ էլ ավելորդ է նրա հատ ընկերանալ, ձեր գործը վերջացրեք,— որոշեց Մոմճյանը:
— Բայց, որդի, ախար այստեղ անկանոնություններ կային...
— Ուրեմն չեք կամենում, կնշանակե ցանկանում եք ժողովականների կամքի հակառակ ընտրություն անել։ Լավ. թողեք ուրեմն գործը մնա կիսատ. ես այսօր կերթամ և հարկ եղածը սրբազանին կպատմեմ. ինչ որ հարկավոր է, թող նա ինքը կարգադրե,— սպառնաց Մոմոճյանը:
— Եթե բոլոր ժողովականները կամենում են, ես ընդիմանալու ի՞նչ ունիմ,— ասաց բարեկարգիչը, Մոմճյանի ըսպառնալիքից վախենալով։
— Կամենում ենք, կամենում ենք, վերջացրեք, շուտ արեք,— գոռացին, գոչեցին այս ու այն կողմից։
Բարեկարգիչ քահանան սկսեց կարդալ թերթիկները և տիրացուն ու Վանոն գրեցին ընտրելիների անունները։ Երբ ընթերցումը ավարտեցին, սկսան ձայները հաշվել և տեսան, որ մի քանի հոգի երկու կամ երեք ձայներ են ստացել. մինչդեռ Սոսոյի տղա Ծղալոբը ստացել է հիսունևերեք ձայն։
Բարեկարգիչը հայտնեց, որ պարոն Ծղալոբը ընտրված է երեցփոխ։
Ընտրողներից շատերը շնորհավորեցին նրան, իսկ քչերը զարմացած հարցնում էին իրար թե՝ ինչպե՞ս պատահեց, որ Ծղալոբի պես անհայտ ու աննշան մարդը երեցփոխ ընտրվեց. բայց որովհետև դրանք էլ խեղճ ու միամիտ մարդիկ էին, ուստի շատ չերկարացրին. «Տերն իրանց հիդ» ասացին ու դուրս գնացին։
Բայց Մոմճյանն ու յուր արբանյակները գոհ էին, որ գործը, թեպետ մի փոքր դժվարությամբ և անհաջող միջադեպով, այնուամենայնիվ իրենց ցանկացած ձևով վերջացավ։
Ինչ նորընտիր երեցփոխին էր վերաբերում, նա այնքան ուրախ էր, որ քիչ էր մնում թե թևեր առներ ու թռչե։ Երբ բոլոր ժողովականները հեռացան, նա մոտեցավ Մոմճյանին, որը