Էջ:Muratsan, vol. 3.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

• Առիթը ինքն իրեն ներկայացավ։

Ընտրության հետևյալ օրը նշանակված էր խմբագրական ժողով, որին Մոմճյանը պիտի ներկայացներ «Ամբոխի մեջ գործելու եղանակները որոշող հրահանգը» ի քննություն։

Ընթերցողները, անշուշտ, հիշում են առաջին խմբագրական ժողովի մեջ կայացած այն վճիռը, որի հիման վրա Մոմճյանը պարտավորվել էր հիշյալ հրահանգը պատրաստելու։

Ժողովը տեղի ուներ դարձյալ տիկին Մարթայի կահավորված հյուրասենյակում։

Նշանակված ժամին «Փնջիկ»-ի թե խմբագիրը, թե աշխատակիցները և թե բարեկամները հավաքված էին այդտեղ։ Ներկա եղողների մեջ օտարը իսկապես Սարյանն էր, որին Մոմճյանը ծանոթացրեց հին բարեկամների հետ, նախապես մի պատշաճավոր գովասանական ճառ խոսելով նրա մասին։

Խմբագրական ժողովի երիտասարդ անդամները առաջին անգամից իսկ հարգանքով և ակնածությամբ վերաբերվեցին դեպի երիտասարդ աշխատակիցը և մեծ գովություններով խոսեցին նրա այն աշխատությունների մասին, որոնք լույս էին տեսնում «Փնջիկ»-ի մեջ։

Ինչ վերաբերում է օրիորդներին, նրանք հարգանքից ու ակնածությունից զատ՝ մի ուրիշ բան էլ զգացին դեպի երիտասարդ գավառացին։ Այդ այն էր, որ նրանք հիացան Սարյանի բարեկազմ հասակի և առնական գեղեցկության վրա։

Փոքրիկ դեմքով և հասակով օրիորդը, որ ներկայացավ երիտասարդին էմմա Քանանյան ազգանունով, աշխատեց նստել ուղիղ Սարյանի հանդեպ և նայել նրա խելոք ու կենդանությամբ լի աչքերին, որքան որ կարող էր։

Կարճ հասակով և երկար քթով օրիորդը, որ իրեն Զարուհի Թեմուրյան անվանեց, ամեն միջոց գործ դրավ Սարյանի աթոռին կից տեղ որոնել, որովհետև հավատացած էր, որ կարիք կունենա այս և այն հարցի մասին յուր հետ առանձին խոսելու։

Օրիորդ Սառա Մամուլյանը, որ յուր անվան և Սարյանի ազգանվան մեջ զարմանալի նմանություն գտավ և