Էջ:Muratsan, vol. 3.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


բացատրեց նրան, որ ինքը երևի այդ պատճառով է սիրում, որ իրեն Սարա անվանեն և ոչ թե Սառա (նա ատում էր հայոց ռ տառը), նստեց Քանարյանի կողքին, աշխատելով միևնույն գործով պարապել, ինչով որ դրացուհին էր պարապում, այն է՝ շարունակ նայել Սարյանի դեմքին։

Օրիորդ Լուսիկ Բարյանը միայն շատ հեռու նստեց, որովհետև եղածների մեջ նա ամենից գեղեցիկն էր։ Ուներ գրավիչ աչքեր՝ երկար արտևանունքներով եզերված, լայն ճակատ և կամար հոնքեր, բարակ ու գեղեցիկ քիթ, փոքր ինչ մեծ, բայց անուշ ժպտող բերան, դեմքը թեպետ մաշված, բայց համակրելի, հասակը՝ բարեկազմ, ձայնը մեղմ և քնքուշ, միով բանիվ ներկա եղող օրիորդների ընդհանուր տգեղության ներդաշնակությունը խանգարող: Օրիորդի նպատակն այն էր, որ գեղեցիկ երիտասարդը մոտիկ եղող տգեղություննրը տեսնելուց հետո նայե իրեն, որպեսզի յուր գեղեցկությունը կրկնապատիկ երևա նրան։

Սակայն տ. Մարթան, որ Շուշանի հետ միասին այս ժողովում էր գտնվում (Մոմճյանը առհասարակ սիրում էր, որ խմբագրական ժողովները բազմամարդ լինեն), ինքն յուր սրտում ծիծաղում էր օրիորդ-ժողովականների միամտության վրա։ «Իզուր եք աշխատում հաճելի լինել,— մտածում էր ինքն իրեն,— Շուշանի փեսացուն ձեզ չի հավանիլ, նա յուր արժանավոր հարսնացուն գտել է արդեն...»։

Ինչ օրիորդ Շուշանին է վերաբերում, նա լուռ ու մտախոհ նստած, երբեմն միայն գողունի հայացքներ էր ձգում Վահանի վրա և ապա ներկա եղող օրիորդներին նայում՝ գուշակելու համար, թե արդյոք նրանք չե՞ն ծաղրիլ իրեն, եթե իմանան, որ Վահանի նման տղին յուր փեսացուն է համարում։

Մոմճյանը առանց ուշադրություն դարձնելու օրիորդների մտավոր աշխարհը հուզող և զբաղեցնող քնքուշ պատճառների վրա, ժողովը բացավ և հայտնեց, որ խոստացած հրահանգը արդեն պատրաստել, բերել է ժողովի քննության առաջարկելու։ Բայց նախքան հրահանգի ընթերցումը նա կարևոր համարեց նախընթաց ժողովի արձանագրությունը կարդացվի, որպեսզի պ. Սարյանը, որ ներկա չէր եղել անցյալ ժողովին,