Էջ:Muratsan, vol. 3.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մինչև ականջները կարմրեց և սրտնեղությունից քիչ մնաց, որ լաց լինի։

Այս տեսակ նկատողություններ նա շատ էր լսել յուր ընկերուհիներից և երբեք էլ չէր վշտացել. բայց այս անգամ խմբագրական ժողովում և այն՝ նոր ծանոթացած երիտասարդի ներկայությամբ, իհարկե, լսել և տանել չէր կարող։ Բայց մինչև որ նա մի պատասխան կտար, Մոմճյանը օգնության հասավ։

— Օրիորգ Սարա. դուք գործը սխալ եք հասկանում, ձեր համեմատությունն էլ անհաջող էր. անունները ետ ու առաջ գրելու մեջ տարբերություն չկա. օրիորդ Լուսիկի նկատողությունը իրավացի էր...

— Բայց ինչպե՞ս, դուք...

— Խնդրեմ, խնդրեմ, մի ընդհատեք ինձ. ես ոչ ոքի խոսք շեմ տալիս և շատ խնդրում եմ, ժողովականներից, որ ոչ ոք արձանագրության ընթերցումը չընդհատե. հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ամբողջ մի ժամ ընթերցանության վրա կորցնելու։ Շարունակեցեք պ. Շաշյան։

Խմբագիրը շարունակեց։

«...Զարուհի Թեմուրյան, Սարա Մամուլյան, Շուշան Մեհերյան և տիկին Մարթա Մեհերյան»։

— Տեսնո՞ւմ եք, օրիորդ, իմ անունը ամենից վերջն է գրված. բայց ես չեմ նեղանում, որովհետև գիտեմ, որ սեղանի վրա անուշ բաժինը ամենից վերջն են բերում,— ժպտալով խոսեց տ. Մարթան և ժողովականները ծիծաղեցին։

— Դուք էլ ուրեմն ինձ ընդհատեցիք,— նկատեց Շաշյանը

— Վնաս չունի. քեզ ընդհատեցի, բայց աղջկերանց սիրտը շահեցի, դա էլ հարկավոր էր.— փորձառու եղանակով պատասխանեց տ. Մարթան։

Խմբագիրը գլուխը շարժեց և նորից ընթերցումը սկսեց.

«...Ժողովի պարապմունքը տնօրեն Մոմճյանի՝ կուսակցություն կազմելու մասին արած առաջարկությունն էր, որը նա ամփոփում էր հետևյալ խոսքերի մեջ.— մեր բարձր նպատակներին հասնելու համար մենք պատրաստ ենք ստեղծել զորեղ կուսակցություն, որպեսզի նրա շնորհիվ