Էջ:Muratsan, vol. 3.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հեռանալ նրանցից և սկսել նույնիսկ իրենց կետերով մրոտել իրենց»։

«9-րդ հոդված. Պետք է աշխատել հարուստ մարդկանց, կանանց և, նամանավանդ, հարուստ այրիների բարեկամությունը վաստակել՝ ինչ ճանապարհով և գնով ուզում է լինի։ Որովհետև ամբոխի ուժից հետո վճռական ձայնը պատկանում է փողին, իսկ այդ վերջինին միշտ կարիք ունին կուսակցությունները»։

— Բայց որո՞նք են, օրինակ, հարուստների բարեկամությունը վաստակելու ճանապարհները, դրանցից մեկին, գոնե, ես կկամենայի ծանոթ լինել,— ծիծաղելով հարցրեց աշխատակից պարոններից մեկը։

— Հարուստների բարեկամությունը վաստակելու ճանապարհները շատ են,— պատասխանեց Մոմճյանը,— բայց ամենից դյուրինը և գործնականը նրանց թուլություններից օգտվիլն է։ Օրինակի համար' կան հարուստներ, որոնք փառամոլ են, պատիվ ու պարծանք են որոնում։ Նրանց կարելի է հռչակել մեծագործ, բարերար, ազգասեր, հայրենասեր։ Նրանց կարելի է ընտրել ընկերությունների պատվավոր անդամ, դպրոցների հոգաբարձու, եկեղեցու երեցփոխ, անկելանոցի խնամակալ և այլն։ Կան հարուստներ, որոնք եսասեր, վրիժառու և հակառակորդների հալածող են։ Նրանց կարելի է ծառայել տպագրական խոսքով, ինչպես այդ անում են Եվրոպայում, որտեղ publicite[1] կոչված լրագրական ծառայության համար հարուստները տասը հազարներ են վճարում: Կան հարուստ այրիներ, որոնք երևալու, փայլելու և երկրպագուներով շրջապատվելու կարիք են զգում։ նրանց պետք է օգնել, որ իրենց անմեղ ցանկություններին հասնեն։ Այսպես կարելի է թվել և ուրիշ շատ ճանապարհներ։

— Բավական հասկանալի է. այժմ կարդացեք 10-րդ հոդվածը,— խոսեց օրիորդ Քանարյանը։

— 10-րդ հոդվածը,— օրիորդ, վերաբերում է «խմբագրական խորհրդին», և նրա ներկայությամբ էլ կկարդացվի։ Ժողովի քննության առաջարկելիքը այս ինը հոդվածներն էին, որոնց մասին կարող եք ձեր կարծիքները հայտնել։

  1. Publicity— ֆր. ռեկլամ։ (Ծանոթ, խմբ.)։