Էջ:Muratsan, vol. 3.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պահում, թև՞ խավար. թե ջահերը փայլո՞ւմ են, թե՞ ոչ. թե ժողովուրդը հաճախո՞ւմ է եկեղեցի, թե՞ սառել է նրանից և այլն։ Մեզ հետաքրքրողը երեցփոխանի պաշտոնն է, որ կա և որին ոչնչացնել չի կարելի, այդ երեցփոխանը այս և այն հասարակական գործին միջամտում է, ազդեցություն ունի քահանաների և թաղական ժողովրդի վրա. հետևապես ցանկալի է, որ մեր կուսակիցը և բարեկամը լինի։

— Թող այդպես լինի. հենց այդ տեսակետից էլ նայեցեք գործի վրա. բայը արժանավոր, խելք ունեցող և գործել իմացող մարդ ընտրեցեք, որ թե ձեզ համար լինի օգտակար և թե եկեղեցու համար։

— Սխալվում եք, բարեկամ՝ խելք ունեցողը մեր մարդը չի լինիլ, այլ յուր անձի մարդը, նա մեր ցույց տված ճանապարհով չի գործիլ, այլ յուր կամեցածով։ Միևնույն ժամանակ եկեղեցուն օգտակար մարդը մեզ չի կարող օգտակար լինել որովհետև շատ դեպքերում մեր և եկեղեցու շահերն ընդհարվում են միմյանց։ Մեզ հարկավոր էր մի Սոսոյի տղա և ահա՜ նրան էլ ընտրեցինք։

Սարյանը լուռ լսում էր Մոմճյանի բացատրությունները, բայց կարծես ոչինչ չէր հասկանում։ Երբ վերջինս յուր խոսքն ավարտեց, Սարյանը դեռ ակնապիշ նայում էր նրան՝ սպասելով ուրիշ բացատրությունների:

Մոմճյանը, ընդհակառակը, կարծելով որ ամեն ինչ տեղն ու տեղը հասկացրեց և հավատալով, որ երիտասարդի լռությունը յուր համոզվելու նշանն է, ժպտալով հարցրեց։

— Այժմ արդեն գոհ եք իմ բացատրություններից, այնպես չէ՞։

— Ձեր բացատրությունների՞ց. ոչ. ես դեռ ոչինչ չեմ հասկացել,— պատասխանեց Սարյանը։

— Ոչինչ չե՞ք հասկացել,— զարմացած բացականչեց Մոմճյանը։

— Այո', ոչինչ։

— Այդ շատ զարմանալի է. պետք է կարծել ուրեմն, որ աշակերտ եղած ժամանակ շատ նեղություններ եք պատճառել: