Էջ:Muratsan, vol. 3.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Մորիկյանի նման երիտասարդին ոչ մի խելոք ծնող չէր մերժիլ այդ շնորհը, որովհետև ուսում, դիրք և հարստություն ունենալուց զատ, ինքն էլ գեղեցիկ երիտասարդ էր, բարեկազմ հասակով, սիրուն դեմքով, խելոք աչքերով, միշտ քաղցրախոս, զվարթամիտ, միով բանով, բնության ամենալավ ձիրքերով օժտված։

Տիկին Մատթիլդի հետ ունեցած յուր նախկին ծանոթության մասին նա զվարճախոսելով, հետևյալն էր պատում։

— «Ամեն առավոտ, երբ ես գնում էի ուսումնարան, հանդիպում էի ճանապարհին փոքրիկ, գանգրահեր, կրակոտ աչքերով և չափից դուրս արագաշարժ մի աղջկա, որ գրքերի կապոցը ձեռքին, շտապ֊շտապ դիմում էր գիմնազիոն։ Ամեն անգամ էլ ես աշխատում էի կարելվույն չափ շատ օգուտ քաղել այդ հանդիպումից՝ անհագաբար նայում էի նրա աչքերին, որոնց մեջ այնքան կյանք և կրակ էր ցոլանում, նրա սիրուն ու գողտրիկ դեմքին, որի վրա ժպիտը ծաղկում էր անթառամ, նրա փոքրիկ, արագաշարժ ոտքերին, որոնք ոչ թե գնում, այլ կարծես սուրում էին գետնի վրա։ Բայց համարյա՝ դեռ ոչինչ չտեսած, այդ աղջիկը մի ակնթարթում թռչում, անցնում էր, և ես շուռ գալով նայում էի միայն նրա ետևից այնքան ժամանակ, մինչև որ նա մտնում էր գիմնազիոնի փողոցը։

Առավոտները գրեթե միշտ կես ժամով վաղ էի դուրս գալիս տանից, որպեսզի անպատճառ հանդիպեմ նրան, որովհետև նա ինքն էլ գրեթե մյուս բոլոր աշակերտուհիներրից վաղ էր գնում գիմնազիոն։ Իսկ այն օրը, որ չէի հանդիպում իմ գեղեցկուհուն, կարծում էի, թե մեծ բան եմ կորցրել։

Այս հանդիպումները գրեթե ամբողջ տարի տևեցին։ Առանց ծանոթանալու, ես այնքան էի ընտելացել այս սիրուն աղջկան, որ շատ անգամ սխալվելով, կամենում էի ողջունել նրան։

— «Եկ մի անգամ գիտակցաբար սխալվեմ»,— ասացի մի օր ինքս ինձ, և հենց որ պատահեցի իմ գանգրահեր գեղեցկուհուն, գլխարկս հանեցի և խոնարհ ողջույն տվի: