Էջ:Muratsan, vol. 3.djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեղմացնելով խոսեց տիկինը.— ես ձեզ իմ տան փեսան էի համարում և չէի կամենում, որ ապրուստի համար փող վճարեք...

— Տիկին, դուք Էլի նույն հարցին եք զալիս։ Լավ. ենթադրենք մի րոպե, թե խոսք եմ տվել ձեզ և ձեր աղջիկն էլ առնում եմ ինձ կնության։ Հապա ինչո՞վ պիտի պահեմ նրան։ Այս խնդրի մասին դուք չե՞ք մտածում։

— Ինչպե՞ս թե ինչով, հապա ձեր հոր հարստությունը ո՞ւմ համար է։

— Իմ հոր հարստությո՞ւնը, հա՛ , հա՛ , հա՛ , հա՛ ,— երիտասարդր սկսեց ուրախ-ուրախ ծիծաղել։

— Ի՞նչ եք ծիծաղում, ձեր հոր որդին չե՞ք. նրա հարստություն ձեզ չպիտի մնա։

— Իմ հայրը, տիկին, մի խեղճ գյուղատնտես է և հազիվ է կարողանում յուր ընտանիքի ամենօրյա հացը հայթայթել նրան ո՞վ է հարստություն տվել։

— Ինչպե՞ս թե ով է հարստություն տվել։ Հապա նա ձեր քաղաքի ամենից հարուստ մարդը չէ՞,մեծ կալվածներ չունի՞ ահագին եկամուտ չէ՞ ստանում...

Երիտասարդը կրկին սկսեց ծիծաղել։

— Դուք էլի՞ ծիծաղում եք,— վրդովված հարցրեց տանտիրուհին։

— Ի՞նչ անեմ, որ չծիծաղեմ, տիկին, այնպես լավ բաներ եք պատմում իմ հոր հարստության մասին, որ քիչ է մնում ինքս էլ հավատամ, թե արդարև հարուստ մարդու որդի եմ։ Չբարկանաք ինձ վրա, բայց հավատացեք, որ անկեղծությամբ եմ խոսում, այս րոպեին իսկ պատրաստ եմ ամուսնանալ ձեր աղջկա հետ, մի այն թե մեր այդ երևելի հարստության տեղը ինձ հայտնեիք,— ասաց Սարյանը ծիծաղելով։

— Եթե ձեր հայրը հարուստ չէ, որտեղից եք փողեր ծախսում...

— Ի՞նչ փողեր եմ ծախսում, տիկին, մի ամիս է, որ դուք եք ինձ կերակրում։

— Դրա համար հո պիտի վճարեիք:

— Այո՛. Մոմճյանից պիտի ստանայի ռոճիկս և վճարեի։ Այնպես էլ պիտի անեմ։

— Մոմճյանի՞ց. ռոճի՞կ։