Էջ:Muratsan, vol. 3.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասը ծածկել. նա ավելի միջոց էր տալիս խոսելու յուր սիրուհուն, որովհետև հավատացած էր, որ եթե նա յուր կրած բոլոր վշտերը չպատմե, սրտի հուզմունքը չի անցնիլ և դրանից խեղճ աղջիկը կարող է վնասվել:

Երիտասարդի այս տրամադրությունից օգտվելով, Շուշանը պատմեց նրան այն բոլորը, ինչ որ կանխավ պատրաստել էր պատմելու, այսինքն, թե ինչպե՞ս հիվանդացավ ինքը, երբ մայրը Մովսիսյանին հեռացնելու որոշումն արավ, թե ի՞նչ հոգեկան տանջանքներ կրեց, երբ սա իրենց տնից հեռացավ, թե ինչպե՞ս յուր վիճակից հուսահատված կամենում էր գնալ և Քռի մեջ խեղդվել և այլն։ Վերջը պատմեց, թե այս բոլոր դժբախտությունների պատճառը Մոմճյանն էր, որը ցանկացել էր ամուսնացնել իրեն յուր մի նոր բարեկամի՝ Վահան Սարյանի հետ, թե այդ նպատակով էլ հաջողել էր նրան՝ Սարյանին բնակեցնել իրենց մոտ, թե յուր մայրը իսկապես մեղ չուներ այս գործում, այլ մոլորվել էր Մոմճյանի խոսքերից, ուստի վերջը յուր (Շուշանի) տանջանքները տեսնելով զղջացել էր:

Պատմեց նաև, իբրև գողարիկ գաղտնիք, որ Սարյանը անտարբեր չէր դեպի ինքը, որ նա շատ էր աշխատում գրավել յուր սերը, բայց ինքը (Շուշանը) քաղաքավարությամբ հասկացրեց նրան, որ Մովսիսյանից ետ ուրիշ ոչ մի երիտասարդ չի կարող գրավել իրեն։ Վերջը օրիորդը խնդրում էր Մովսիսյանին, որ նա հնար գործ դնե իրենից չհեռանալու. աշխատե մինչև անգամ Մոմճյանից վրեժխնդիր լինելու՝ հեռացնելով Սարյանին և նրա կացարանում ապրելով։ (Միով բանիվ կատարե այն բոլորը, ինչ որ ձեռնտու էր իրեն, իբրև ամուսնանալ ցանկացող մի օրիորդի...)։

Փակագծում դրած խոսքերը Շուշանի սրտի խոսքերն էին, բայց, իհարկե, նա նրանց չարտասանեց Մովսիսյանի մոտ:

Երիտասարդը, որ օրիորդի սրտաշարժ պատմությունը լսելով գորովվել և հուզվել էր, բռնեց նրա ձեռքից, մոտեցրեց յուր շրթունքներին և ջերմագին համբուրելով՝ բացականչեց.

֊ Վկա է այս համրույրը, որ սուրբ է ինձ համար, ես չեմ թողնիլ քեզ մինչև իմ մահվան վերջի՜ն րոպեն։ Դու իմ հարսնացուն ես, և ոչ ոք քեզ ինձանից խլել չի կարող։ Ես