օգուտ քաղել հանգամանքից՝ գոնե վնասից ու վտանգից ազատվելու համար»։
Այսպես մտածելով Վահանը առաջացավ փոքր ինչ դեպի դուռը և մեջքը պատին հենելով սկսեց լսել։ Դռան փեղկը լավ չէր փակված, այնպես որ խոսակիցներին տեսնելու և մինչև անգամ, նրանց դիմաշարժը դիտելու չափ բացվածք էր մնում։
— Իմ նպատակս Շուշանին բարիք անելն էր,— խոսել սկսեց Մոմճյանը.— ճշմարիտ է, Սարյանը ինձ ոչ մի խոստում չէ արել, բայց ես մտածեցի թե՝ նա անփորձ գավառացի լինելով, շարունակ ձեզ մոտ կապրի և Շուշանին շենք ու շնորհքով աղջիկ տեսնելով, վերջ ի վերջո վրան կսիրահարվի։ Որտեղից կարող էի գուշակել, թե նա ուրիշին է սիրում, կամ թե նշանված է։
— Լավ. դնենք թե այդ չգիտեիք, և Շուշանի բարիքն ուզելով կամեցաք Սարյանին սիրահարեցնել նրա վրա. բայց հո գիտեի՞ք, որ նա աղքատին մեկն է. ինչների՞ս է պետք աղքատ փեսացուն. ո՞ւր էիք նրան մեր տունը մտցնում և Մովսիսյանի նման տղային հեռացնում։
— Բայց ախր Սարյանի շենքն ու շնորհքը տասը Մովսիսյան արժե, դուք նրա գեղեցկությանը գին չե՞ք դնում։
— Ինչի՞ս է պետք նրա գեղեցկությունը. աղջիկս որ քաղցած լինի, նրա գեղեցկությամբ հո չի՞ կշտանալ։ Դու էլ ես շատ գեղեցիկ՝ իմ Շուշանին ի՞նչ օգուտ...
— Շուշանին ոչինչ, բայց նրա մորը հո օգուտ կա՞...— այս ասելով Մոմճյանը ժպտադեմ ձեռքը մոտեցրեց տիկնոջ ծնոտին, իսկ վերջինս խփեց նրա ձեռքին։
— Թող, թող, կատակի ժամանակ չէ,— ասաց տիկինը բարկացած։
Սարյանը, որին խիստ հետաքրքրեց թե՛ հարվածի ձայնը և թե տիկնոջ վերջին խոսքերը, գլուխը ծռեց և սկսեց դռան ճեղքով նայել դեպի ներս։
Մոմճյանը կրկին անգ ամ ձեռքը դեպի խոսակցի ծնոտը տարավ և ժպտադեմ ու կաթոտ աչքերով նայելով նրան՝ շարունակեց։
— Կատակի ժամանակը հիմա է. ես չեմ ուզում, որ դու բարկանաս...