Էջ:Muratsan, vol. 3.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Չէ՞ որ տիկինը իրավունք ուներ նրան «թաքուն ու գողունի փախչող» անվանելու։ Բայց մի՞թե խեղճ երիտասարդը դիտմամբ էր այդպես արել․ չէ՞որ նա յուր հուզման ժամանակ մոռացել էր ամեն բան. մոռացել էր յուր պարտքը, վայելած սերը, ստացած պատիվները և միայն հիշում էր մի բան, այն է — որ այդ տունը, ուր բնակվում էր ինքը, չարության ոգիների մի ժողովարան է, որտեղից ժամ առաջ փախչել հեռանալ թե՛ անհրաժեշտ էր և թե՛ կարի ցանկալի։

Բայց երիտասարդի անխորհուրդ կերպով շտապելը ծանր ճգնաժամի մեջ դրավ իրեն, նա պարտավոր էր վճարել տանտիրուհուն յուր պարտքը, և ա՛յն՝ հենց այդ միևնույն րոպեին։ Բայց ո՞րտեղից վճարեր։ Յուր ունեցած փոքրիկ գումարը մինչև այդ օրը ծախսել վերջացել էր։ Նրան մնում էր նորեն ներս առներ յուր իրեղենները և այդպիսով արդարացնել տիկնոջ այն մեղադրանքը թե՝ ինքը թաքուն փախչել էր կամենում։ Այդ միտքը խորը վիրավորեց երիտասարդի ինքնասիրությունը։ Մի քանի րոպե նա մնաց լուռ արձանացած և չգիտեր ի՞նչ պատասխանել տանաիկնոջը։ Բայց հանկարծ մի բախտավոր միտք ծագեց նրա գլխում, որ յուր կարծիքով պիտի փրկեր իրեն ներկա ճգնաժամին։

— Ներեցեք, տիկին, ձեր պարտքը վճարելու մասին, խոստովանում եմ, չէի մտածել։ Այնքան հուզված էի, որ այդ բանը կարող էի մոռանալ։ Բայց եթե սպասեք մի քանի վայրկյան, ես իսկույն կբերեմ։

— Մի ժամ էլ կսպասեմ, գնացեք և բերեք,— պատասխանեց տիկինը սառնությամբ, և երիտասարդը թողնելով նրան մշակների հետ, շտապ ներս մտավ Շաշյանի սենյակը։

Տեսնելով այդտեղ Մոմճյանին, Վահանն ուրախացավ, որովհետև նա թեպետ մտադիր էր Շաշյանից փող խնդրել, բայց կասկածում էր, թե գուցե նա չունենա, այժմ Մոմճյանին տեսնելով այդտեղ միամտվեց, որ ցանկացած գումարը անպատճառ կստանա։

— Ես արդեն հեռանում եմ այստեղից, բայց նախքան հեռանալս տիկնոջը փող պիտի վճարեմ, եթե կարող եք տվեք ինձ մի երեսուն ռուբլի իմ ռոճիկի հաշվից.— այս խոսքերով դիմեց Վահանը Մոմճյանին։