Էջ:Muratsan, vol. 3.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


12 ռ. 50 կոպեկ, որովհետև այս տարի ձեր բախտից մենք ոչ՜թե օգուտ, այլ վնաս ունենք։

— Ի՞նչ եք ասում, ես չեմ հասկանում,— շփոթված հարցրեց Վահանը։

— Այն եմ ասում, որ մեր պայմանը ընկերական է եղել, այսինքն մեր թերթի զուտ օգտի քսանհինգ տոկոսը դուք պետք է ստանայիք, կնշանակե դուք մեր օգտի ընկերն եք եղել։ Եվ որովհետև առևտրական օրենքով օգտի ընկերը վնասին էլ ընկեր է լինում, կնշանակե այս ամսվա համար փոխանակ մեզանից փող ստանալու, ինքներդ պիտի վճարեք մեզ 12 ռ. 50 կոպեկ, որը մեր կրած վնասի ձեր բաժին քսանուհինգ տոկոսն է կազմում,— ցինիկական լրջությամբ ասաց Մոմճյանը։

Սարյանը երկու քայլ ետ գնաց, խոժոռեց դեմքը և հրացայտ աչքերը Մոմճյանի շարժուն բիբերին ուղղելով, լուռ սրտմտությամբ նայեց նրան մի վայրկյան և ապա գլուխը շարժելով բարձրաձայն արհամարհանքով արտասանեց.

— Դուք կարող եք պարծենալ այն առավելությամբ, որ անամոթությունը ձեր պատկերով է շրջում մարդիկների մեջ... այդ պարծանքը կլինի նաև ձեր հասարակական գործունեության վարձատրությունը... իսկ ես գոհ եմ արդեն նրանով, որ այս փոքրիկ զոհաբերության գնով կարողացա վերջապես խլել ձեր երեսից ձեր մարդախաբ դիմակը...

Այս ասելով նա շուռ տվավ երեսը և առանց ուշադրություն դարձնելու Մոմճյանի հայհոյանքներին, դուրս գնաց նախասենյակը։ Այստեղ սպասում էին նրան տիկին Մարթան, յուր աղախինը և երկու մշակները իրենց կապոցներով։

— Իմ հաշվի մեջ չարաչար սխալվեցա, տիկին,— ասաց Վահանը տանտիրուհուն.— հույս ունեի թե այս մարդիկներից ռոճիկ կստանամ և պարտքս կվճարեմ, բայց բանից երևաց, որ դեռ ես եմ իրենց պարտական... Ինչպես տեսնում եք, իմ բոլոր կարողությունը այս երկու կապոցներն են կազմում։ Մեծի մեջ գտնվում են իմ անկողինը, ճերմակեղենը և իմ գրքերը, որոնք իմ գործածության համար անհրաժեշտ են. փոքրի մեջ՝