Էջ:Muratsan, vol. 3.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմ քաղցր հույսերից շատերը, բայց և դրանով ապահովեցի ինձ անփորձության սխալանքների դեմ։ Այդպես է։ Աշխարհում առանց զոհաբերության ոչ մի բարիք չի ստացվում ...»։ Այս այլաբանական խորհրդածությունների ժամանակ, լսվեցավ սուրբ Գևորգ եկեղեցու զանգահարության ձայնը: Վահանը նայեց ժամացույցին և զարմացավ, տեսնելով, որ արդեն երեկոյան ժամը հինգն է։ Օրը աննկատելի կերպով անցել էր, իսկ ինքը դեռ առավոտվանից անսվաղ էր։

— Այդ բոլորը լավ. բայց պետք է մտածել ապրուստի վրա. երկու օրից ետ հացի փող չեմ ունենալ գրպանումս, ո՞ւր և ո՞ւմ պիտի դիմեմ այն ժամանակ...»։

Այս մտածմունքը կարծես սարսափեցրեց խեղճ երիտասարդին և նա շտապավ տեղից վեր կենալով գդակը ծածկեց և դուրս գնաց։

Բայց ո՞ւր էր գնում, ինքն էլ չգիտեր։ Վտանգը վերահաս տեսնելով նա կարծում էր թե՝ դուրս թռչելով կամ դես ու դեն վազելով կարող է փրկության ճանապարհ գտնել։ Երբ իջավ քարվանսարի դիմացի հրապարակը, կանգ առավ այդտեղ։

Երեկոյան դեմ լինելով, անցուդարձը շատացել և հրապարակը կենդանացել էր։ Մրգավաճառների բացականչությունները , կառքերի դղրդոցը, սայլերի ճռնչյունը, փողոցային տղաների աղաղակները և այլն, միախառնվելով բազմաթիվ անցորդների շարժման և շշուկի հետ, մի տեսակ աղմուկ ու ժխոր էին հարուցել այդտեղ։

Վահանը հուսալով, թե այդ անընդհատ անցուդարձի մեջ կարող է պատահել մի ծանոթ հայրենակցի, մի հին բարեկամի, կամ, ո՞վ գիտե, գուցե նաև մի մոռացված աղգակցի, որին կարող է դիմել խորհուրդ հարցնելու համար, ուշադրությամբ դիտում էր անցորդներին և լսում էր նրանց. բայց ամեն տեղ էլ օտար դեմքերի և անծանոթ ձայների հանդիպելով՝ երեսր դարձնում էր նրանցից։

Այդ հուսահատության ժամանակ հանկարծ անցորդներից մինը ձեռքը դրավ նրա ուսին և մտերմաբար հարցրեց։

— Վահա՛ն, ի՞նչ ես շինում այստեղ։

Երիտասարդը շրջեց իսկույն երեսը և տեսավ, որ յուր հետ խոսողը շիրաջ-Մանասն է, այն զվարճախոս ուղեկիցը,