Էջ:Muratsan, vol. 3.djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ յուր հետ միասին հայրենի քաղաքից եկել էր Թիֆչիս։ Վահանի համար կարծես մի նոր լույս ծագեց։

— Ա՜խ, բարեկամ, այս դո՞ւ ես, որքա՜ն ուրախ եմ, որ հանդիպեցի քեզ.— ասաց Վահանր գրեթե հիացած և հին բարեկամի ձեռքը առնելով, խիստ մտերմաբար սեղմեց նրան։ — Ի՞նչ է պատահել, մի գործ ունի՞ս ինձ հետ. ասա՝, սիրով կկատարեմ։

— Գործ, այո՛, շատ կարևոր գործ ունիմ. բայց դու ժամանակ ունի՞ս ինձ լսելու։

— Ժամանա՞կ... հա՛, սիրելիս, եթե երկար խոսելու բան է, այս րոպեիս ժամանակ չունիմ, Հավլաբար գինի ունիմ գնած, գնում եմ ստանալու։ Եթե կարող ես, երկու կամ երեք Ժամից ետ արի մեր գինետունը, այնտեղ կխոսենք։ Խո շտապելու բան չէ՞։

— Ո՛չ, շտապելու բան չէ։ Բայց երկու կամ երեք ժամից ետ ձեր գինետունը փակ չի՞ լինիլ։

— Մեր գինետունը բաց է լինում մինչև գիշերվա տասն ու մեկ ժամը։

— Ուրեմն ժամը ութին ձեզ մոտ կլինեմ։

— Համեցեք, ժամը ութին կսպասեմ ձեզ,— ասաց շիրաջը և ողջունելով բարեկամին հեռացավ։

Վահանի վրայից կարծես մի ծանր քար ընկավ։ «Շիրաջ֊Մանասի ծանոթությունը կարող է փրկել ինձ»։ Այսպես էր մտածում երիտասարդը և մինչև անգամ զարմանում, թե ինչո՞ւ ավելի վաղ չէ մտաբերել նրա մասին։

Այս հանդիպումը այն աստիճան հուսադրեց խեղճ տղային, որ նա մինչև անգամ մտաբերեց յուր անոթությունը և ուտելու ցանկություն զգաց։ Ուստի առաջանալով դեպի հացագործը, գնեց նրանից հինգ կոպեկի հաց, իսկ դրացի խանութպանից հինգ կոպեկի պանիր և դիմեց դեպի յուր սենյակը։

Վահանի մնացորդ հարստությունը այն աստիճան փոքր էր, որ դրանից ավելի ծախսել չէր կարող։ Այսուամենայնիվ այդ սակավապետ ճաշը նա այնպիսի ախորժակով կերավ, որ կարծես թե Լոլկուլլոսի պատմական համադամներից էր նա կազմած։

Թիֆլսի մտնելու օրից սկսած այդ առաջին անգամ էր, որ