նա այդքան ախորժակով և մանավանդ թե հանգիստ սրտով ճաշ էր վայելում։
«Ինչպե՜ս քաղցր, ինչպե՜ս սիրելի պիտի լինի արդար քրտինքով վաստակած հացը,— մտածում էր Վահանը յուր ճաշը ավարտելով._ իզուր են կարծում, թե աստված անիծելու մտքով ասաց Ադամին թե՝ «քո երեսի քրտինքովն ուտես քո հացը»։ Այդ անեծք չէ. դա օրհնություն է։ Կա՞ արդյոք աշխարհում ավելի քաղցր և սիրելի պատառ քան ա՛յն, որ մարդ ձեռք է բերում յուր ճակատի քրտինքով, առանց խաբելու, զրկելու, ստորանալու, առանց այդ պատառի մեջ ուրիշի արցունքը և յուր խղճի լեղին խառնելու...Եվ ահա ա՛յս պատառի մասին էր խոսում հայրս. այս արդար պատառն էր կամենում, որ ես ձեռք բերեմ, որպեսզի նրա պատճառով իմ անկախությունը անազնիվ մարդկանց չվաճառեմ։ Իսկ ե՞ս… ո՞վ հիմարությանս, վիճում և հակառակում էի. դեռ աշխարհի չարիքները չտեսած կամենամ էի հաղթահարել նրանց...
«Չէ, իմ վիճակը որոշված է։ Պետք է շնորհակալ լինել բախտից այն դառը դասի համար, որ նա տվավ ինձ. այդ դասը թե՛ կծառայե ինձ իբրև զգուշության խթան և թե՛ կօգնե ինձ ապագա գործունեությանս հիմքը հաստատուն հողի վրա դնելու։ իմ գործը պիտի լինի նախ՝ գտնել արդար քրտինքով հաց վաստակելու ճանապարհը և ապա թե նվիրվել հասարակաց ծառայությանը։ Իմ ունեցած ուժը կարող է դիմանալ մարմնական ամենածանր աշխատության. հետևապես, եթե այդ աշխատությունը հասարակ մշակություն էլ լինի, ես փախուստ չեմ տալ նրանից։ Քար ու ջուր կրելը ավելի արդար և ազնիվ գործ է, քան թե մոմճյանների ու շաշյանների հետ միասին գերագույն նպատակների համար աշխատելը...»։
Այս խորհրդածություններով երիտասարդ Սարյանը յուր սիրտը հանգստացնելով՝ մինչև անգամ հոգեկան լավ տրամադրության մեջ մտավ. և սկսեց յուր նոր բնակարանը կարգավորել, նախ՝ տախտակե թախտի վրա յուր անկողինը փռելով, և ապա՝ պատուհանի մեջ գրքերը զետեղելով։
Երբ ժամը ութը լրացավ, նա դիմեց շիրաջ-Մանասի գինետունը, որ գտնվում էր Կոլոլ-թաղի նորաշեն տներից մեկի ընդարձակ նկուղում, բանուկ ճանապարհի վրա։