Էջ:Muratsan, vol. 3.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Այո՛, հասկանում եմ. բայց եթե մի քանի րոպեով ինձ հետ միասին մտնեք Թորոսյանի մոտ, կարծում եմ, նա այդ չի իմանալ։

— Օ՜, նա ամեն բան կիմանա, նա ամեն տեղ մարդիկ ունի: Տեսա՞ր, երեկ մի քանի րոպե չոլախի քարվանսարի առաջ խոսացիք ինձ հետ, իսկույն բազազ Գարսոյի աշկերտ Վանոն խաբարը տարել էր։

— Բազազ Գարսոյի աշակերտը ո՞վ է։

— Չե՞ս հիշում. այն թուխ ու մազոտ երեսով տղան, որ Ձորաբաշի եկեղեցում մեզ թղթեր էր բաժանում։

— Հա՛, հա՛, հիշում եմ, հետո՞:

— Հետո էլ ի՞նչ. նա խաբարը տարել էր։ Մոմճյանն էլ եկավ քո բանը խանգարեց։ Հիմա եթե նա իմանա, որ Թորոսյանի մոտ եմ տարել քեզ, թե՛ ինձ հետ կթշնամանա և թե՛ Թորոսյանի մոտ գնալով քո մասին կչարախոսե:

— Ուրեմն դուք Մոմճյանին չե՞ք հայտնել, թե մտադիր էիք Թորոսյանի մոտ տանել ինձ։

— Ո՛չ. այլ ասացի, որ կամենում եմ մի որևէ վաճառականի մոտ պաշտոն գտնել քեզ համար:

— Եվ նա հ՛րամայեց, որ չգտնեք:

— Այսինքն, չհրամայեց, այլ խնդրեց:

— Կնշանակե դուք, մինչև անգամ չեք կարող տանել և ծանոթացնել ինձ Թորոսյանի հետ։

— Ոչ. չեմ կարող, սիրելիս. պատճառն էլ բացատրեցի: Բայց դու ինքդ կարող ես ներկայանալ նրան: Հարկավոր չէ, որ մեկ ուրիշը անպատճառ ծանոթացնե քեզ։ Թորոսյանը նոր մարդկանցից չէ: Բավական է, որ հայտնես նրան, թե Սարենց Հովսեփի տղան ես. նա քո հորը ճանաչում է, քեզ էլ սիրով կընդունի։ Եթե յուր գործում պաշտոն չունենա, ինչպես երեկ էլ ասացի, ուրիշի մոտ կգտնե, որովհետև ծանոթներ ու բարեկամներ շատ ունի։

Վահանը տեսավ, որ էլ թախանձելն ավելորդ է։ Նա չգիտեր, իհարկե, թե շիրաջը, որքան էլ համակրեր և մինչև անգամ սիրեր իրեն, դարձյալ յուր անձնական օգուտը պիտի գերադասեր։ Որովհետև առևտրական աշխարհում բարեկամի օգտի համար սեփական օգուտը զոհելու գաղափարն