Էջ:Muratsan, vol. 3.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


անծանոթ է, և անբնական կլիներ, եթե ծանոթ լիներ. ըստ որում, որտեղ երկու կողմի շահերի մրցումն է լինում, այնտեղ զոհելու մասին խոսք լինել չի կարող: Վահանը, անշուշտ այս ճշմարտությանն անտեղյակ էր։ Բայց կարծելով թե շիրաջր իսկապես վախենում է Մոմճյանից, որովհետև մի զորեղ մարդու տեղ է դնում նրան, չկամեցավ այլևս հոգեկան անհահգստություն պատճառել նրան։ Այլ մանրամասն տեղեկանալով Պետրոս Թորոսյանի առևտրական գրասենյակի տեղը, ողջունեց յուր երկչոտ բարեկամին և դիմեց դեպի անծանոթ վաճառականը՝ առանց հաջողության որևէ հույս ունենալու:


Գ

ՀԱՍՏԱՏՈՒՆ ՀՈՂԻ ՎՐԱ

Վերջին դեպքր Սարյանի վրա խիստ հուսահատական ներգործություն ունեցավ։ նա տխուր ու գլխակոր շարունակում էր ճանապարհը և միևնույն ժամանակ մտածում.

— «Մոմճյանին ես մի վնաս չեմ տվել։ Առանց որևէ վարձատրության ծառայել եմ նրա գործին. կարողությանս չափ օգուտ եմ տվել իրեն և փոխարենը զրկանք եմ կրել։ Արդ, ինչո՞ւ դարձյալ հալածում է ինձ. ինչո՞ւ շարունակ աշխատում է վնասել։ Գոնե պատճառը կարողանայի իմանալ. այդ մի փոքր կհանգստացներ ինձ...»։

Բայց պատճառը խեղճ Սարյանը չէր կարող իմանալ, ինչպես և Մոմճյանը չէր հայտնել ոչ ոքի։ Դա նույնպիսի գաղտնիք էր, ինչպես և Մոմճյանի գործերից շատերը, որոնք կատարվում էին առանց իրենց նպատակը հայտնի կացուցանելու։ Սակայն մենք կարող ենք այդ խորհրդավոր պատճառը բացատրել ընթերցողներին։

Մոմճյանի նպատակը, իսկապես, այն չէր, որ Սարյանին վնասե։ Որովհետև վերջինս, ինչպես ինքն էլ ասում էր, բացի օգուտը՝ ոչ մի վնաս չէր պատճառել նրան. հետևապես, Մոմճյանը որքան էլ որ անսիրտ և չարասեր լիներ, դարձյալ չէր կարող այնքան կուրանալ, որ չտեսներ յուր անարդարությունը։ գոնե այս վերջին գործի վերաբերմամբ։ Իսկ անարդար