Էջ:Muratsan, vol. 3.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— «Ո՛չ. չպետք է մեռնեմ, պիտի ապրեմ, որքան և ինչպես որ կարող եմ։ Հեռո՛ւ ինձանից հուսահատություն, ես եզան պես կարող եմ աշխատել, և ո՞վ պիտի արգելե ինձ ամենամեծ լուծը կրելու...»։

Այս խոսքերի հետ միասին երիտասարդը հասավ Թորոսյանի գրասենյակին, կարդաց նրա դռան վրա կախած ռուսերեն և հայերեն ճակատագիրը և առանց տատանվելու կամ աջ ու ձախ նայելու՝ դուռը բացավ և ներս մտավ։

Թորոսյանի գրասենյակը մի ընդարձակ դահլիճ էր, կազմված երեք՝ միմյանց մեջ բացված կամարակապ կրպակներից, որով նա նմանվում էր փոքրիկ, անգմբեթ եկեղեցու։ Դահլիճի վերին անկյունում դրված էր մի ընկուզյա, մեծ և հնատարազ սեղան, ծածկված կանաչ մահուդով։ Նրա վրա գտնվում էին մի քանի փոքրիկ հաշվեմատյաններ, նամակներ, օրինակելու գրքեր, որոնց կազմերի վրա ոսկեզօծ տառերով մակագրված էին lettre a oopie, ընկուզյա համարիչ և չուգունե թանաքամանի սարք, որի բազմամյա լինելը ապացուցանում էին թանաքամանի և մոմակալների մի քանի մասերի կոտրտված լինելը։

Սեղանի առաջ նստած էր Պետրոս Թորոսյանը և փոստից ստացած նամակներն էր կարդում։ Դա մի բարձրահասակ, առողջ և խոշոր կազմվածքով, լուրջ և պատկառելի դեմքով, սուր ու թափանցող աչքերով և աղեբեկ (սպիտակախառն) մազերով ու մորուքով տղամարդ էր, մոտ 55 տարեկան։

Նրանից հեռու, դահլիճի մի կողմի ուղղությամբ դրված էին երկու ընկուզյա, գեղեցիկ հաշվեսեղաններ (конторка), որոնցից ամեն մեկի մոտ, բարձր աթոռակների վրա, կարծես թառած, նստած էին երկու երիտասարդներ, և առջևները մեծադիր ու հաստափոր հաշվեմատյանները դրած, գլխակոր գրում էին։ Դրանք Թորոսյանի հաշվապահներն էին։

Դրանց հանդեպ գտնվող պատի տակ դրված էր մի ուրիշ՝ մեծ և հասարակ ձևի սեղան, չինարի դեղնագույն փայտից, որի վրա նույնպես աջ ու ձախ ընկած էին հաշվեմատյաններ, տետրակներ, նամակներ, օրինակելու գրքեր, համարիչ, սպունգաման, թանաքաման և այլն։ Սեղանի կողքին դրված էր մի մեծ երկաթե պահարանաձև սնդուկ, մուգ-մոխրագույն