Էջ:Muratsan, vol. 3.djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կերպով: Նրա տրամաբանական որոշումները և փիլիսոփայական հայացքները շարունակ պտտում էին առևտրի, փողի և հարստության շուրջը։ Դրանցից դուրս նա աշխարհում Էլ ուրիշ ոչինչ չէր տեսնում կամ ճանաչում: Հենց այս պատճառով էլ նա չէր կարողանում հարգել այն ուսումնականին, գիտնականին կամ հասարակական գործչին, որը յուր բոլոր զարգացումով հանդերձ՝ անկարող էր լինում աշխարհում անկարոտ ապրել և շատ անգամ գյադաների օգնությանն էր դիմում և այդպիսով ուսման ու գիտության հարգը նվազեցնում։

Եթե մենք էլ բարոյական անձնվիրության տեսակետից չդատենք, իհարկե, չենք կարող Թորոսյանի հետ չհամաձայնվել, որովհետև նրա այս կարծիքը յուր որոշ հիմունքներն ունի: Սարյանի արկածներն ու դժբախտ կացությունը արդեն ապացույցներ են այդ կարծիքի գեթ պայմանական հիմնավորության։

Երիտասարդ Սարյանը, չնայելով յուր ամոթխածության, այսուամենայնիվ, չընկճվեց Թորոսյանի խիստ և անողոք հայացքի առաջ և մոտենալով՝ շնորհալի ձևով ողջունեց նրան։

— Ի՜նչ եք կամենում,— սառն ու կոշտ ձայնով հարցրեց Թորոսյանը։

— Եթե կբարեհաճեք ձեր թանկ ժամանակից մի քանի րոպե զոհելու...— ասաց Սարյանը քաղաքավարությամբ, կարծելով թե այդպիսով կմեղմե վաճառականի կոպտությունը։

Բայց վերջինս, որ երիտասարդի այգ ամոթխած քաղաքավարությունից արդեն գուշակեց նրա ինչ շրջանի մարդ լինելը, ավելի կոպտությամբ նկատեց։

— Ես ժամանակ չունիմ. տեսնո՞ւմ եք նամակներ եմ կարդում. նրանից հետո էլ նամակներ պիտի գրեմ... ի՞նչ ունեք, ասացեք։

— Կամենում էի խնդրել, որ ձեր գործում մի պաշտոն տաք ինձ։

— Պաշտո՞ն,— հարցրեց Թորոսյանը ձեռքի նամակը սեղանի վրա դնելով։

— Այո', գործակատարի, նամակագրի կամ հաշվապահի օգնականի... միով բանիվ ինչ պաշտոն որ ունիք: