Էջ:Muratsan, vol. 3.djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Որտեղացի՞ եք,— հարցրեց վաճառականը մի փոքր մեղմանալով։

— Ձեր հայրենակիցն եմ։

— Իմ հայրենակի՞ցը։

— Այո՛ ։

— Ո՞ւմ որդին եք։

— Սարենց Հովսեփի։

— Սարենց Հովսեփի՞։

— Այո՛։

— Վա՛, Սարեն Հովսեփը քեզ պես տղա ունի՞,— մտերմաբար և եզակի խոսելով հարցրեք Թորոսյանը։

— Ինչպես տեսնում եք։

— Լավ է, լավ է. աստված պահե. շատ ուրախացա, բաս ինչո՞ւ շուտ չասացիր, որ Հովսեփի տղան ես. ախար մենք ազգականներ ենք։

— Ես էլ լսել եմ. բայց իսկապես չգիտեմ, թե ի՞նչ ազգականներ ենք։

— Իհարկե, չէիր իմանալ. քո ծնվելուց առաջ եմ ես դուրս եկել մեր քաղաքից: Մարդ որ օտարանում է հայրենիքից ազգականներին և բարեկամներին էլ մոռանում է։ Գործերս գոնե չեն ներում, թե մի-մի անգամ նամակ գրեմ հորդ։ Հովսեփը իմ մոր եղբոր որդին է։ Փոքր ժամանակներս դասընկերներ էինք, միասին էինք կարդում Ներսես վարդապետի մոտ։ Բաս հայրդ իսկի չի՞ պատմել։

— Ոչ, առիթ չենք ունեցել։

Թորոսյանը մոռանալով, որ երիտասարդին ասել էր թե ժամանակ չունի, սկսեց երկար ու բարակ հարց ու փորձ անել նրան յուր հոր նյութական կարողության, ընտանեկան ապրուստի, յուր ուսումնառության և այլ խնդիրների վերաբերմամբ:

Երբ ավարտեց այն բոլոր հարցերը, որոնք անհրաժեշտ էին իրեն երիտասարդի անցյալին և նրա ընտանեկան հանգամանքներին ծանոթանալու համար, հարցրեց.

— Քանի՞ օր է, որ Թիֆլիսում ես:

— Վեց-յոթ շաբաթ կլինի։

— Վեց-յոթ շաբա՞թ, ի՞նչ էիր շինում այսքան ժամանակ.