— Եթե ձեզ նման փորձառու մարդիկ բարեհաճեն ինձ օգնել, հույս ունիմ, որ ես չեմ սխալվիլ:
— Ուրախությամբ, ուրախությամբ։ Ես քո հորը շատ հարգում եմ և նրա պատվի համար էլ կցանկանայի, որ ինձ մոտ պաշտոն ունենաս։
— Ի դեպ, իմ հաշվապահի օգնականը ընտանեկան գործերի պատճառով թողնում է յուր պաշտոնը։ Ինձ արդեն հարկավոր է մի ծառայող։ Դու կարող ես նրա տեղը անցնել։ Հայրդ պատվական մարդ է. գոհ կլինեմ, եթե նրա նման լինես։
Վահանը չէր ուզում հավատալ յուր ականջներին և ուրախությունից քիչ էր մնում վեր կենար և Թորոսյանի ձեռքերը համբուրեր։
— Եթե այդքան բարի կլինիք, ինձ այլևս ոչինչ չի մնալ ասել, եթե ոչ գործով ապացուցանել, որ ես արդարև արժանի եմ ձեր դեպի ինձ տածած վստահության:
— Այո՛, դուք կարող եք պաշտոնի մեջ համարել ձեզ այսօրվանից։ Հաշվապահություն գիտե՞ք։
— Ոչ. հաշվապահություն չեմ սովորել, բայց եթե մի վարժապետ ունենամ...
— Գիտեմ, շուտ կսովորեք։ Բայց տեսնո՞ւմ եք. ամենից կարևոր բանը չեն սովորեցրել և, սակայն, ավարտման վկայական են տվել ձեզ։
— Այո՛, հաշվապահություն սովորեցնելու վրա մեր դպրոցներում չեն մտածում։
— Բայց հաց ուտելու վրա մտածում են։ Ա՛յ դրա համար է, որ ես ասում եմ, թե դպրոցներում միշտ այն են սովորեցնում, ինչ որ այս կյանքում պիտանի չէ մեր տղերանց։ Եվ ես չեմ սխալվում։ Դու առաջինը չես, որ հաստատ հաց աշխատելու ճանապարհը չգիտես։
— Ճշմարիտ է, իմ բոլոր ընկերները ոչնչով ավելի չեն ինձանից։
— Այդ պատճառով նրանք էլ քեզ նման կյանքի մեջ մտնելուց՝ առաջին պատահող սրիկայից պիտի խաբվին։
— Դժբախտաբար ինձ պատահողները սրիկաներ չէին.. — Օ՜, առաջին սրիկաները նրանք են: Եվ մեզ մոտ պաշտոն