Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստանձնելուց ետ այդտեսակ մարդիկներից հեռու պիտի լինիք։ Դա մեր աոաջին պայմանը պիտի լինի։ Համաձա՞յն եք:

— Համաձայն եմ ի սրտե։

— Եթե այդպես է, կնշանակե խելոք տղա եք. ձեր սխալը ճանաչում եք աշխատում եք հաստատ հողի վրա դնել ձեր ոտքը։ Այդ դեպքում ես էլ ձեռքիս եկած օգնությունը կանեմ։ Վաղվանից արդեն կարող եք ստանձնել ձեր պաշտոնը. իսկ այդ պաշտոնի վերաբերմամբ չգիտցածներդ կսովորեք մեր հաշվապահից։

Վահանը գրեթե հիացած Թորոսյանի բարեսրտությունից և խոստումներից, ջերմագին շնորհակալություն արավ նրան և հետևյալ օրը վերադառնալու խոստում անելով, ուրախ սրտով դուրս գնաց գրասենյակից։

Դ

ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ

Անցան մի քանի ամիսներ։ Վահան Սարյանը հավատարիմ մնալով յուր խոստմանը, բոլոր այդ ժամանակ հեռու պահեց իրեն ազգային շրջաններից և մեծ ուշադրությամբ նվիրվեց յուր ծառայությանը։

Թորոսյանը կամենալով օգնել յուր ազգակցին և նրանից մի հավատարիմ ծառայող պատրաստել յուր համար, բավարար ռոճիկ նշանակեց նրան և պատվիրեց հաշվապահին սովորեցնել նրան յուր ծառայության վերաբերյալ գիտելիքները։ Կարճ ժամանակի մեջ Վահանը ավարտեց հաշվապահությունը, ծանոթացավ Թորոսյանի ընթացիկ գործերի հետ, ընտելացավ առևտրական աշխարհի կարգ ու կանոններին և շնորհքով և հմտությամբ յուր պաշտոնը վարելով՝ գրավեց Թորոսյանի սերը և յուր պաշտոնակիցների հարգանքը։

Բայց և այնպես երիտասարդը յուր գործունեության այդ նոր ասպարեզը չկարողացավ սիրել, որովհետև նա չգտավ այդտեղ մի բան, որ կարողանար յուր սիրտը գրավել, միտքը կերակրել կամ հոգին պարարել։ Յուր շրջապատը դիտելով և