Էջ:Muratsan, vol. 3.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոշ գիտակցության գալով նա տեսավ իրեն տխուր ամայության մեջ, հեռու սիրած ու գուրգուրած նպատակներից...

ճշմարիտ է, նրա դրությունը այժմ ավելի ապահով էր, քան առաջ. նա վաստակում էր յուր հացը արդար քրտինքով, կարոտությունը այլևս չէր սպառնում նրան, նա հետզհետե ծանոթանում էր առևտրական աշխարհի նշանավոր մարդկանց հետ, իսկ այդ ծանոթությունը կարող էր ապահովել նրա ապագա բախտի հաջողությունը, այսուամենայնիվ, այս բոլոր առավելությունները չէին փակում այն անջրպետը, որ յուր սիրած, գաղափարական աշխարհը բաժանում էր առևտրական նյութապաշտ աշխարհից, որ օրըստօրե տխուր գիտակցության բերելով իրեն՝ թույլ չէր տալիս նրան սիրել այդ ասպարեզը։

Արդարև, գաղափարական աշխարհի մեջ էլ նա դեռ գրավիչ ու սիրելի ոչինչ չէր տեսել։ Առաջին անգամից իսկ այդտեղ շրջապատել էին նրան ստություն, կեղծիք, խաբեբայություն և այլն, բայց նա համոզված էր, որ դա յուր երևակայած աշխարհը չէր եղած, որ նա սխալվել էր խաբեբաների մի շրջան մտնելով և այդ շրջանը դրական ու ազգային աշխարհ ճանաչելով։ Նա հավատում էր, որ յուր երևակայած գաղափարական աշխարհը կա, գոյություն ունի, և որ ինքը մի օր կարող է ճանաչել նրան: Նա հավատում էր, որ այնտեղ ապրում ու գործում են դեռ ազնիվ և առաքինի մարդիկ, որոնց հետ մի օր նա կարող է ծանոթանալ...

Իսկ ինչ առևտրական աշխարհին էր վերաբերում, նա այժմ արդեն յուր աչքի առջևն էր։ Երիտասարդը նրան տեսնում, քննում, ուսումնասիրում էր, և որքան որ ավելի մոտենում ու թափանցում էր նրա էության և գաղտնիքներին, այնքան ավելի հակակրում և արհամարհում էր նրան։

Եվ իրավ. ի՞նչ ձգտում և ի՞նչ աշխարհայեցողություն ուներ գործատեր առևտրականը և ի՞նչ նրա ծառայողները։

Առաջինը մտածում էր շարունակ փող վաստակելու, գանձ դիզելու վրա։ Այդ նպատակին հասնելու համար նա ո՛չ միջոցների մեջ էր խտրություն դնում և ո՛չ աշխատության ծանրությունից էր փախչում։ Վաղ առավոտից սկսած մինչև մութ երեկո անընդհատ գործում ու տնքում էր և յուր հետ միասին աշխատեցնում ստորադրյալներին: Օրերին հաջորդում էին