Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շաբաթները և ամիսներին՝ տարիները․ առևտրականի կյանքը բոլոր այդ ժամանակ հոսում էր միատեսակ։ Փող, հաշիվ և շահ. ահա՛ միակ առանցքը, որի շուրջը պտտում էին նրա խելքն ու միտքը, խոսքն ու զրույցը, սիրտը և հոգին։ Առևտրական մարդուն հասարակական խնդիրները չէին զբաղեցնում, ազգային նորությունները չէին հետաքրքրում, գաղափարական մտքերը չէին ոգևորում... Այդ բաների վրա նա ծաղրով կամ արհամարհանքով էր նայում. իսկ երբ տեսնում էր, որ դրանցով զբաղվում են յուր հարգած մարդիկ, նա նրանցից խույս էր տալիս գծուծ ճանապարհներով։ Փախչում էր բարեգործական նպատակով փող հանգանակող մարդուց, երես էր դարձնում ազգային գործի համար յուր օգնությանը դիմող բարեկամից, անարգանքով հեռացնում էր կարոտյալին, նախատում էր աղքատի տկարությունը, ծաղրում էր բախտից հալածվածին... և յուր այս տմարդությունն ու անգթությունը արդարացնելու համար, իմաստակությամբ հերքում էր հասարակական շահերի մասին մտածելու ու գործելու կարևորությունը առարկելով թե՝ այդ ճանապարհով սովորեցնում են մարդկանց անգործության և ծուլության և մեռցնում են նրանց մեջ ինքնօգնության զգացումն ու գաղափարը։

Իսկ թե ինքը ի՞նչ նպատակով էր ոսկի դիզում, ո՞ր ապագայի մասին էր աշխատում, դրա համար նա ոչ ոքի հաշիվ չէր տալիս և համոզված էր, որ իրանից այդ տեսակ հաշիվ պահանջելու էլ իրավունք չանին, որովհետև նա աշխարհում ապրում էր յուր և ոչ թե ուրիշների համար:

Իհարկե, բոլոր առևտրականները միատեսակ չէին, ինչպես որ պարտեզի մեջ բոլոր ծառերը մի հասակ չունին, կամ ծառի վրա բոլոր պտուղները՝ մի գույն ու հասունություն։ Կային դրանց մեջ մարդիկ, որոնք հետաքրքրվում էին հասարակական խնդիրներով կամ ազգային կյանքի բախտով, բայց դրանք էլ հետաքրքրվում էին այն չափով, ինչ չափով որ հետաքրքրվում է բարեպաշտ ժամավորը եկեղեցու դռանը մուրացող աղքատի վիճակով։ Նրա ցնցոտիները և ողորմելի կերպարանքը շարժում են բարեպաշտի գութը և սա «ի յաւելուածոյ իւրոյ» մ սև փող դնելով նրա ափում՝ հեռանում է, կարծելով թե յուր բարոյական պարտքի մեծագույն մասը կատարեց