Էջ:Muratsan, vol. 3.djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չլինի նա դարձյալ մոտենա նույն շրջաններին (որոնցից ինքը փախչում էր իբրև ժանտախտից) և յուր գործին ու անվանը վնասե։

Այդ պատճառով նա գրեթե միշտ առիթ էր որոնում զգուշացնելու երիտասարդ ազգակցին հեռու պահել իրեն յուր հին ծանոթներից։

— Այդ մարդիկ անսիրտ ու անխիղճ արարածներ են. նրանց մոտեցողը միշտ կվնասվի. եթե հազարներ ունենա ՝ծակ գրպաններով կվերադառնա․ թե պաշտոն ունենա՝ կկոցնե, եթե խելք ունենա՝ նրանից կզրկվի եթե ազնիվ լինի՝ կստորանա. միսվ բանիվ այդ մարդկանց մոտեցողը բացի վնաս ուրիշ բան ստանալ չի կարող։

Այս խրատների հետ միասին Թորոսյանը խորհուրդ էր տալիս Վահանին մշտական ընկեր և բարեկամ ընտրել իրեն Սիմոն Թաղարյանին՝ յուր ազնիվ, առաքինի և հավատարիմ գանձապահին, որի անունը հարգանքով էին հիշում բոլոր վաճառականները, և, որի համար, մինչև անգամ, նախանձում էին իրեն յուր հակառակորդները։

Վահանը լսում էր այդ խրատներն ու խորհուրդները, բայց նրանց հետևելու իրավունքը վերապահում էր իրեն, որովհետև իր առաջին հիասթափությունից ետ հաստատուն կանոն էր դրել նա յուր համար՝ «շատերին լսել, բայց քչերին հավատալ», և, նամանավանդ, չնդունել իբրև իսկություն այն, ինչ որ սեփական աչքով չէր տեսել, ականջով չէր լսել և ձեռքով չէր շոշափել։ Սարյանի կարծիքով ճշմարտության հասու լինելու համար, թեպետ դժվարին, բայց միակ հաստատուն և ուղիղ ճանապարհն էր սա։

Որովհետև երիտասարդ Սարյանի բարոյական սկզբունքներից մեկն էլ այն էր, որ իրեն տրված խորհուրդներից ոչ մեկը չարհամարհե, այլ որին հնարավոր է հետևել առանց վնաս կրելու հետևե փորձառություն ձեռք բերելու համար, ուստի նա ավելորդ չհամարեց մոտենալ Թորոսյանի փառաբանած գանձապահին և չափել նրա բարոյական արժանիքը։

— Ով գիտե, գուցե հենց նրա մեջ եմ գտնում այն անձը, որին որոնում եմ առևտրական աշխարհի այս ամայության մեջ,— մտածում էր նա։