Էջ:Muratsan, vol. 3.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


վրա կծիծաղեն. բայց ես չեմ գանգատվում իմ բախտից, որ մայրս ինձ այդպես է ծնել:

Զբոսանքից վերադառնալու ժամանակ միայն բարեկամներիս հանդիպեցի. և երբ հայտնեցի նրանց այն պատճառը, որ արգելել էր ինձ իրենց մոտենալու, սկսան ուրախ-ուրախ ծիծաղել:

— Շնորհակալ ենք. մի խնամող ծնողի չափ հոգս եք տանում մեզ վրա,— ասաց Մաթիլդը ժպտալով,— պետք է որ մտածենք ձեր զրկանքը փոխարինելու վրա։

— Դրա համար հարկ չկա երկար մտածելու, օրվա մնացորդը միասին կանցուցանենք,— նկատեց երիտասարդ ամուսինը և ձախ թևը առաջարկելով ինձ, խնդրեց ընկերանալ իրենց։

Այդ օրվանից հետո մենք գրեթե միշտ միասին էինք լինում։ Շրջում էինք անտառների մեջ, պտտում էինք դաշտերը, բարձրանում էինք լեռների վրա, հանգստանում էինք հովանավոր ծառերի տակ, և ամեն տեղ, ուր որ էլ միանում էինք մենք, ժամանակը անցնում էր քաղցր զրույցներով, զվարճախոսությամբ, անմեղ կատակներով և երբեք չէր պատահում, որ մեր զրույցների մեջ մտած վիճաբանությունը սուր կերպարանք առներ։

Որքան ավելի էի մոտենում այդ երիտասարդ զույգին, այնքան ավելի նրանք գրավում էին իմ սերը և համակրությունը, և այդ ոչ թե նրա համար, որ ինձ առհասարակ սիրով և մտերմությամբ էին ընդունում, այլ որովհետև դեպի իրար ունեցած նրանց հարաբերության մեջ ես հետզհետե նորանոր առաքինություններ էի նկատում, առաքինություններ, որոնք իմ կյանքում միշտ իդեալ են եղել ինձ համար։ Այս դեպքերում տիկին Մաթիլդը, մանավանդ, գերազանցում էր շատ անգամ ամուսնուն, շնորհիվ յուր կանացի շատ մի քնքուշ զգացմունքների։

Մի անգամ, սակայն, այսպիսի մի հարց ծագեց գլխումս. «Չէ՞ որ այս երիտասարդ զույգը շատ դժբախտներից ավելի դժբախտ է այսօր»։

Լսողը, իհարկե, ինձ չէր հասկանալ, ինչպես և դուք չեք հասկանում այժմ, բայց իմ հարցը վերաբերում էր ա՛յն