զվարճանանք. սրա դեմ ի՞նչ ունիս,— ասաց Սիմոնը և հրամայեց կառապանին ձիաներր մտրակել։
— Չէ, չէ. պիտի վերադառնամ, ի՞նչ կասեն մարդիկ, եթե այսպիսի եղանակին և օրվա այս Ժամին ինձ զվարճության տեղում տեսնեն։
— Ովքե՞ր․ ի՞նչ մարդիկ։
— Այ, հենց ինքը Թորոսյանը. նրա բարեկամները, ծանոթները..․
— Հա՛, հա՛, հա՛, հա՛, Թորոսյանը, նրա բարեկամները... մի մտածիր, ի՞նչ ես ասում, խելքդ որտե՞ղ է,— ուրսխ֊ուրախ ծիծաղելով նկատեց գանձապահը։
— Ի՞նչ եմ ասում, չի՞ կարող պատահել։
— Ինչո՞ւ չի պատահիլ. բայց ախար այն էլ մտածիր թե՝ եթե Թորոսյանը յուր սպիտակ մազերով ու մորուքով կարող է զվարճության տեղում գտնվել, ինչո՞ւ դու նրանից առաջ չպիտի գտնվես. կամ եթե նա այդպիսի տեղում քեզ պատահե, մի՞թե գլուխը մկան ծակում չի թաքցնիլ։
— Այսպես թե այնպես, գալուս վրա զղջացել եմ. կամենում եմ վերադառնալ։
— Ուշ է, բարեկամ, ուշ է. կամուրջը ետևիցդ վերցրին,— ասաց գանձապահը ծիծաղելով։
Եվ արդարև, այդ միջոցին բացվեցան ճանապարհի վրա գտնվող մի այգու դռները, կառքը արագությամբ ներս մտավ և սկսեց առաջանալ դեպի ընդարձակ ծառուղին, իսկ լայնափեղկ դռները նրա ետևից ճռնչալով փակվեցան։
— Այս ո՞ւր եկանք,— հարցրեց Սարյանը հետաքրքրությամբ և գլուխը հանեց կառքից՝ տեսնելու համար, թե ի՞նչ ճանապարհ էր այն, որի վրա այնպես կակուղ ու անձայն գլորվում էին կառքի անիվները։
— Զգույշ կաց, ծառի ճյուղերը երեսիդ չդիպչեն, այգու միջով ենք գնում,— հայտնեց գանձապահը։
— Այգի՞.— զարմացավ Վահանը.— այս ցուրտ ձմռանն ի՞նչ պիտի շինենք այգում։
— Տաք տեղ կտանեմ քեզ, միամիտ կաց,— ասաց գանձապահը ծիծաղելով։
— Ա՛խ, ինչպես հիմարացա, ինչպե՜ս զղջում եմ,—