Էջ:Muratsan, vol. 3.djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


երևույթին, շատ այդ տեսակ ընթրիքների փայլ ու շուք էր տվել, տեղավորվեց սևղանապետի կողքին։

Երբ մյուս հյուրերն էլ իրենց տեղերը բռնեցին, սեղանապետը պաշտոնական եղանակով հայտարարեց.

— Այժմ ամեն բան կարգին է. կարող ենք մեր գործը սկսել։ Բայց ամենից առաջ մի պայման՝ ոչ ոք թող չհամարձակվի կիսատ թողնել յուր բաժակը, հակառակ դեպքում Սոֆիա Պավլովնան, որին այժմյանից օգնականուհի եմ կարգում, բաժակը կթափե կիսատ թողնողի գլխին։

Հյուրերը համաձայնվեցան. Սոֆիա Պավլովնան, որ բարձրահասակ ու տարիքով կին էր, մատով սպառնաց երիտասարդներին, իսկ վերջիններից մինը մինչև անգամ ծափահարեց, որ սեղանապետը այդպիսի գեղեցիկ առաջարկություն արավ:

— Սատանան տանե ձեզ. որտե՞ղ են սազանդարները,— գոռաց հանկարծ երիտասարդներից մինը, որ առանց սեղանապետի հրամանին սպասելու կոնծել էր կենաց ջուրը գինու բաժակով։

— Վա՛, իրա՛վ, որտե՞ղ են սազանդարները, է՛յ, Իլա՛րիոն, այս ի՞նչ անկարգություն է,— բացականչեց սեղանապետը և ճաշարանի տերը յուր կարճ ու հաստ վզով և ուռած փորով բուսավ սենյակի դռներում։

— Ուկացրավոտ, բա՛տոնո...— ասաց թե չէ, հանկարծ երիտասարդներից մինը ընդհատեց նրան։

— Հայեվար խոսի, տո, մունդռեկ, էստի վրացի ո՞վ կա:

— Կուբաշխիք, աղա ջան. սազանդարնիրը մե քիչ ուշացան. իրիք ջեր փայտոն իմ ղրկի. հորես ուր որ է գուքան։

— Հինգ րոպե կսպասեմ, ա՛յ. հասկանո՞ւմ ես. եթե հինգ րոպեից ետ չեկան, գլուխդ կջարդեմ,— սպառնաց սեղանապետը։

— Պարունիս, աղա ջան, պարունիս,— ասաց Իլարիոնը ժպտալով և դուրս գնաց սենյակից։

Դեռ կես ժամ չէր անցել և խորտիկներից առաջին բաժինն էին վերջացրել, բայց շշերը դատարկվել էին արդեն։

— Գինի՛... կարմիր և սպիտակ...— գոռում էր սեղանապետը և սպասավորները մի կողմից փայլուն շշերն էին