Էջ:Muratsan, vol. 3.djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շարում, իսկ մյուս կողմից նոր կերակրի սկուտեղները պտտեցնում:

Սազանդարները, որոնք որոշյալ ժամին հասնելով Իլարիոնի գլուխը ջարդելուց ազատել էին, թնդացնում էին սենյակը իրենց երգերով ու կնդնդոցով։ Հյուրերի տրամադրությունը հետզհետե փոխվում էր. զվարթ աչալրջությունը տեղի էր տալիս ծայրահեղ ուրախության, կատակներին և սրախոսություններին հաջորդում էին շաղակրատությունը, աղմուկն ու շփոթը: Խոսողներից շատերը միմյանց չէին լսում, հարցերը անպատասխան էին մնում. առաջարկությունները չէին կատարվում, երգողներին խանգարում էին, միով բանիվ բաբելոնյան խառնակությունը ընդհանրանում էր։

Սեղանապետը, որը փորձառու արբեցող էր և դեռ բավական ուժ ուներ ուրախությունը կանոնավորելու, երգող երիտասարդներին ու սազանդարներին լռեցնելով, առաջարկեց Մարիա Իվանովնային երգել մի բան։

Վերջինս, որ օպերային խմբերգչուհիներից էր, հարգեց սեղանապետի խնդիրը և մեղմ ու գողտրիկ եղանակով երգեց «Ռուսալկա»-ից՝ Նատաշայի տրտունջը.

Ах, прошло то время.
Время золотое,
Как меня любил ты
Сердцем и душой!
У тебя, бывало,

Мысли нет другой,
Нет других желаний—
Только быть со мной,
Нет другой отрады
Как во мне одной...


— Բրավո՛...

— Ուռռա՜...

— Բի՜ս...— գոռացին գրեթե միաբերան բոլոր հյուրերը և որոտաձայն ծափահարությամբ սենյակը թնդացրին։

Մադմուազել Ռոզան, որ նույնպես խմբերգշուհի էր, ընկերուհու հաջողությունը տեսնելով, ինքն էլ հետևեց նրան: