Էջ:Muratsan, vol. 3.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կրոնավոի, որին զվարճասեր բարեկամները ստիպել էին Մեծ պասը լուծելու։ Պարոն գանձապահը, իհարկե, հանգիստ չի պիտի թողներ նրան։ Նա յուր տեղը տվավ Մարիա Իվանովնային, որպեսզի ձախ կողմից էլ սա զբաղեցնե նրան։ Վերջինս ավելի ճարպիկ գտնվեցավ։ Յուր սրախոսություններով ծաղրելով շարունակ երիտասարդի լռությունը՝ գրգռեց նրա ինքնասիրությունը և նրա հետ վիճաբանության մտավ։ Վիճաբանության հաջորդեց հաշտությունը, իսկ հաշտության՝ ուրախ տրամադրությունը։ Հենց որ Սիմոն Պետրովիչը տեսավ, թե յուր պաշտոնակիցը ոչ միայն ծիծաղում է, այլ և գեղանի դրացուհիների հետ կատակներ է անում (որովհետև Կախեթու գինին էլ մյուս կողմից էր ազդել խեղճի վրա), հրամայեց շամպայն բերել։

Սիմոն Պետրովիչի հրամանը լսելով՝ սեղանապետը գոռաց.

— Լուի Րե՛յդեը. Կա՛րտ Բլանշ, շո՛ւտ։ Տղերք բաժակներդ մաքրեցեք։ Չէ, չէ. բոկալներ բերեք,— հրամայեց նա ծառաներին։

Մի քանի վայրկյանից բոկալները շարվեցան և հինգ շիշ շամպյան, սպիտակ անձեռոցներով փաթաթած, դրվեցան սեղանի վրա։

— Վահան Իոսիֆիչի կենացը,— բացականչեց սեղանապետը,— լցրեք բոկալները օրինակելի առատությամբ։

Հյուրերը լցրին բոկալները շամպայնով և մտերմական անձնվիրությամբ խմեցին Վահան Սարյանի կենացը, որը այդ երեկո Վահան Իոսիֆիչ էր դառել։ Սազանդարները իրենց կողմից դարձյալ տուշ նվագեցին։

— Պետք է ձեր կենացի վրա մի երգ երգեք,— հայտարարեց սեղանապետը։

— Երգել չգիտեմ,— ասաց Վահանը ժպտալով։

— Անկարելի է, պետք է երգեք։

— Այո՛, այո՛, պետք է երգեք,— գոչեցին այս ու այն կողմից երիտասարդները։

Վահանը ցանկություն չուներ երգելու, այդ պատճառով ընդդիմանում էր, թախանձում էր, բայց ոչ ոք չէր լսում նրան։

Այդ միջոցին մադմուազել Ռոզան, որ սկսել էր գաղտնի