Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լավ հոգեբանին անգամ կմոլորեցնեին: Նրանց մեջ այդ րոպեին փայլում էր և՛ բարություն, և՛ անկեղծություն, և՛ զղջման արտասուք:

— Չգիտեմ թե որպիսի՞ վստահության են արժանի քո խոսքերը,— ասաց Վահանը երիտասարդին:— Բայց ես հավատում եմ՝ նրանք անկեղծ են. այդ պատճառով առայժմ միայն շնորհակալություն կարող եմ անել քեզ իմ բարեկամական խորհուրդը չմերժելու համար:

— Անկեղծ, կատարյալ անկեղծ են իմ խսսքերը, և դու դրանց ապացույցը կտեսնես,— ասաց գանձապահը լրջությամբ:

Եվ այն օրից ետ նա այլևս քեֆերի կամ բարեկամուհիների մասին չխոսեց Վահանի հետ։ Ընդհակառակը, նա սկսեց հետաքրքրվել Վահանի սիրած ազգային նորություններով և հավատացնում էր, որ այժմ կարծես թե նոր մարդ է դարձել։ Մի քանի օրից ետ գանձապահը ծանոթացրեց Վահանին դրացի գրասենյակում ծառայող Տիրան Նադիրյանցի հետ:

— Սա էլ քեզ պես ազգասեր մարդ է, միմյանց շատ կսիրեք,— ասաց գանձապահը Վահանին և ապա սրա առավեությունները դրվատեց նադիյանի առաջ:

Վերջինը մի պատվական երիտասարդ էր, որ նույնպես հաշվապահի պաշտոն էր վարում: Ծանոթանալով Վահանի անձի և գաղափարների հետ, շատ սիրեց նրան և շնորհակալություն արավ Թաղարյանին, որ իրեն այդպիսի բարեկամ հանդիպեցրեց:

Առևտրական աշխարհում կա ծառայողների մի որոշ դասակարգ, որը, առհասարակ, նույն պաշտոններն է վարում, ինչ որ մյուս ընդհանուր ծառայողները, բայց զանազանվում է նրանցից նրանով, որ բացի յուր ծառայությունը, հետաքրքըրվում է նաև հասարակական խնդիրներով՝լրագրությամբ, գրականությամբ և եռանդուն մասնակցություն է ունենում ազգային ընկերական կամ եկեղեցական գործերում:

Այդ դասակարգի երիտասարդները, որոնց առհասարակ քեֆերի սիրահար ընկերները ազգասեր ծաղրական անունով են կանչում, առևտրական աշխարհի ամենաընտիր հայերն են:

Դժբախտաբար նրանք ամեն դեպքում զրկանքների են