Ենթարկված թե՛ տերերի և թե՛ ընկերների կողմից։ Պատճառն այն է, որ նրանք սիրում են ա՛յն, ինչ որ իրենց տերերը կամ ընկերները ատում են և ընդհակառակն, ատում ու արհամարհում են ա՛յն, ինչ որ սիրում են վերջինները։ Դրանք մի տեսակ օտար սերմեր են, որոնց բախտի հողմը ցրել է առևտրական հողի վրա։ Այդտեղ նրանք բուսնում, մեծանում են, բայց տված պտուղները առևտրական աշխարհի համար օտար լինելով, այդ աշխարհի մարդկանցից անարգվում են։
Նույնիսկ իրենք, այդ երիտասարդները, առևտրական հողի վրա աճել և արմատ բռնել չեն կարողանում, որովհետև ա՛յն ինչ որ առևտրականի համար միս և արյուն է դարձած, նրանց համար անհասկանալի է։ Հասարակական խնդիրներում կամ ազգայինների բախտով հետաքրքրվելու կամ դրանց համար գործել կամենալու բուռն ցանկությունն արգելում է նրանց շատ անգամ ստանձնած պաշտոնը անթերի կատարելու։ Նրանք տերերից և ընկերներից ծածուկ՝ գիրք կամ լրագիր կարդալու, հոդվածներ շարադրելու, ազգային կարևոր գործերի համար այս կամ այն բարեկամին նամակներ գրելու վրա գործ են դնում այն ժամանակը, որը նշանակված է պաշտոնավարության համար։ Այդ շատ անգամ առիթ է տալիս, որ գործի տերը ծանր նկատողություններ անե ազգասեր ծառայողին։ Մի անգամ արդեն այդ տեսակ նկատողություններ անելուն սովորելով, գործի տերը նախատում է ծառայողին և այն ժամանակ, երբ խեղճը յուր բոլոր գործը ավարտած պարապ նստած է և ժամանակն անօգուտ չանցնելու համար գիրք կամ լրագիր է կարդում:
Առևտրականներից շատերին ավելի սիրելի է տեսնել յուր գործակատարը պարապ նստած, կամ անգործ ընկերների հետ շաղակրատելիս, քան տեսնել նրա առաջ մի բաց լրագիր, որի տեսքն անգամ վրդովում է յուր հոգին։ Դրա պատճառն այն է, որ ներքին բնազդումը և ոչ թե փորձառու խելքն ասում է նրանց թե՝ այն մարդը, որ պաշտոնից դուրս գործելով էլ է հետաքրքրվում, չի կարող բոլորանվեր կերպով ծառայել ձեր գործին։
իսկ առևտրականի համար հարկավոր է, որ երեսուն