Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցանկացած բարեկամին, ազնիվ մարդուն և անկեղծ հայրենասերին, այդ պատճառով էլ սրտանց սիրեց նրան։ Երկու երիտասարդներր հաճախ իրար հետ տեսակցում և խոսում էին երկուսին միատեսակ հետաքրքրող նորությունների և միատեսակ վշտացնող ցավերի վրա։ Շուտով նրանց բարեկամությունր փոխվեցավ մտերմության, որի հետևանքը եղավ այն, որ Սարյանը փոխադրվեցավ Նադիրյանի բնակարանը՝ նրա ընտանիքում ապրելու համար։

Երբ պարոն Թորոսյանը իմացավ, որ Վահանը Նադիրյանի հետ բարեկամանալու վտանգին է ենթարկվել (նա, առհասարակ, առևտրական մարդու բարեկամությունը գրական աշխարհին մոտ եղող անձանց հետ վտանգավոր բան էր համարում), շատ վշտացավ և յուր ծառայողների ներկայությամբ հայտնեց նրան յուր դժգոհությունը, պահանջելով միևնույն ժամանակ, որ Վահանը հեռանա այդ պարոնից։

— Ես այդ երիտասարդի մեջ ոչ մի վատ կողմ չեմ նկատել, ընդհակառակը, նա մեր շրջանի տղերանց մեջ ամենից խելոքն ու ազնիվն է,— նկատեց Վահանը համեստությամբ ժպտալով։

— Խելքի և ազնվության մասին թող որ ինձ նման փորձառու մարդը դատե,— խոսեց Թորոսյանը լրջությամբ,— դու իմ ազգականն ես և ստորադրյալը, քեզ համար ես չար բան չեմ ցանկանալ, հետևապես, ինչ խորհուրդ որ տալիս եմ քեզ, պետք է ընդունես և հետևես նրան։

— Բայց, թույլ տվեք, որ ես էլ սեփական կամք ու ցանկություն ունենամ. ես էլ խելքի հասած մարդ եմ և իրավունք ունիմ բարեկամ ընտրելու և թշնամի ճանաչելու։ Նադիրյանի հետ բարեկամացել եմ, որովհետև նրան արժանավոր երիտասարդ եմ ճանաչել։ Այժմ ի՞նչ հարգելի պատճառ ունիմ, որից ստիպված նրանից հեռանամ։

— Հարգելի պատճառն այն է, որ այդ բանը ես եմ պահանջում։

— Դո՞ւք եք պահանջում..— հարցրեց Վահանը զարմացած։

— Այո՛, պահանջում եմ, և դուք պարտավոր եք այդ պահանջը կատարել։